Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող շարժման համակարգողները հուլիսի 6-ի երեկոյան հանրահավաք են անցկացրել Երևանի Ազատության հրապարակում, որի արդյունքում որոշել են գիշերել այդտեղ և ծրագրել հետագա քայլերը: Ցուցարարները նաև հայտարարել են, որ հուլիսի 9-ին բողոքի հանրահավաք կանցկացվի Ազատության հրապարակում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բաղրամյան պողոտայում տասն օրից ավելի նստացույց անող քաղաքացիները հուլիսի 6-ին՝ ոստիկանության կողմից հավաքը ցրելուց հետո, տեղափոխվել են Ազատության հրապարակ:
Բացի այդ ցույցը համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել՝ կոչ անելով քաղաքացիներին գալ և միանալ իրենց պայքարին:
«Հացադուլս հանուն Հայաստանի Հանրապետության է, մեր վաղվա օրվա և ի նպաստ մեր պայքարի։ Հացադուլ անելու եմ այստեղ անժամկետ և սպասում եմ, որ Հայաստանի քաղաքացիները կգան և միասին որոշում կկայացնենք, թե ինչ ենք անելու։ Այսինքն՝ իշխանությունների այն քայլը, որ մեզ ուղղակի քաշքշելով Բաղրամյանից տարան, պողոտան ազատեցին ու կարծում են, որ ամեն ինչ հանգիստ ընթանալու է, նրանք չարաչար սխալվում են. պայքարը հիմա նոր փուլ է մտնում, ավելի վճռական փուլ է մտնում», – ասել է Սանասարյանը:
Ոստիկանությունը հուլիսի 6-ին ժամը 12:30-ին, ինչպես հայտարարել էին ավելի վաղ, Բաղրամյան պողոտայից հեռացրել է բարիկադ-աբղամանները, այնուհետև՝ նաև ցուցարարներին՝ բացելով երթևեկելի հատվածը: Պողոտայում երթևեկությունը վերականգնված է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած գործողություն արդյունքում ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս է:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման ենթարկված անչափահաս 6 քաղաքացին անմիջապես ազատ են արձակվել, մյուս 40 ցուցարարը նույնպես արդեն իսկ ազատ են:
«Ոստիկանությունը գործեց գերազանց, ադեկվատ, համաչափ, այլ երկրների ոստիկաններին կարող է օրինակ ծառայել»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ մեկնաբանելով Բաղրամյանից ակտիվիստներին հեռացնելու, երթևեկությունը վերականգնելու գործընթացը: Պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանություն տեղափոխելու ճանապարհին ոստիկանական մեքենաների մեջ բերման ենթարկվող քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել, նա պատասխանել է. «Բռնություն չի եղել: Այդ կերպ ցանկանում են ցեխ շպրտել ոստիկանության վրա»: Օսիպյանը նաև հայտարերել է, որ ոստիկանությունը կանխելու է անօրինական երթերը, գրում է Panorama.am-ը:
Հուլիսի 6-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, որ Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին տեղափոխելիս վատացել է ակտիվիստ Դավիդ Սանասարյանի ինքնազգացողությունը: Նրա խոսքով՝ ավտոմեքենայում ոստիկանության կողմից բռնության գործողությունների հետևանքով:






