Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Թերի Ջորջի «Խոստում» (The Promise) վերնագրով ֆիլմի նկարահանումները կշարունակվեն, գրում է Tert.am-ը՝ Showbiz411.com-ին հղումով:
Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությունը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում:
Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:
Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:
Այս լուրի առթիվ Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ հայտնելով, որ ինքը ևս մասնակցում է նախագծին:
«Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս առաջիկա խոշոր կինոֆիլմի առիթով», – գրել է Թանկյանը:
Քըրք Քրքորյանի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» դրամայամի ֆինանսավորման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել հունիսի 15-ին, նույն օրը նա մահացել է 98 տարեկանում:
Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը: Սցենարը գրել է «Գեյշայի հուշերի» հեղինակ Ռոբին Սվիքորդը: Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: