AM
13 Հուլիս 2015 - 13:15 AMT

12-րդ «Ոսկե ծիրանը». Օռնելա Մուտին ու Նաստասյա Կինսկին, ծիրանի օրհնությունն ու Մալյանի աստղի բացումը

Կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին բացման առթիվ ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը: Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգևում», – նշել է նախագահը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ փառատոնը լինելու է կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը կամուրջներ է կապելու տարբեր մշակույթների միջև, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը:

Իրադարձության մեկշաբաթյա ընթացքը սկսվել է մամուլի ասուլիսներով, որոնց ընթացքում ժամանակ իրենց ֆիլմերը ներկայացրել են Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը»), Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»):

Ծիրանի օրհնությունը

Օրվա երկրորդ կեսին կայացել է «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կամակերպվել էր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում: Եկեղեցական կարգը գլխավորել է Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Օռնելա Մուտի

Փառատոնի առաջին օրը նաև իտալացի ճանաչված կինոդերասանուհի Օռնելա Մուտիի հանդիպումն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Կինոփառատոնի պատվավոր հյուրը ներկայացրել է Հայաստանի այցելությունից ստացած առաջին տպավորությունները։ Նա նշել է, որ չնայած առաջին անգամ է Հայաստանում, լսել է երկրի մասին ռուս ընկերուհուց, որն ամուսնացել է հայի հետ։

Հարցին, թե ինչ է իր համար երջանկությունը, գեղեցկությունը և ոճը, Մուտին պատասխանել է.

«Երջանկությունը ներսում վերապրած պահերն են, ներդաշնակությունը։ Մարդը ծնվում է ուրախության համար»:

Դերասանուհին խոստովանել է՝ որպես հաճոյախոսություն է ընդունում հարցերն, թե ինչպես է պահպանել գեղեցկությունը, սակայն ինքը, ցանկացած կնոջ պես, մտահոգվում է, որ ծերանում է, գրում է Newsarmenia.am-ը:

Խոսելով ստեղծագործական ծրագրերի մասին` դերասանուհին պատմել է, որ աշխատում է մի քանի նախագծում, այդ թվում` Ռուսաստանում, ինչպես նաև բաց է հայ ռեժիսորների և դերասանների հետ գործակցության համար։ Փառատոնի շրջանակում կկայանա Օռնելա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:

1982-ին նկարահանված «Սվանի սիրո» հեղինակը գերմանացի ռեժիսոր Ֆոլքեր Շլյոնդորֆն է: Մուտին նաև նկարահանվել է նշանավոր իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին դերասանուհին առավել ծանոթ է «Կամակոր մարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:

Հենրիկ Մալյանի աստղը

Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բացվել է նաև կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն հուշաստղերի շարքում վեցերորդն է:

Վարպետի աստղը բացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու Հենրիկ Մալյանի դուստրը` Նարինե Մալյանը։

«Այսօր Մալյանի աստղի ծննդյան զարմանահրաշ օրն է։ Աստղը կդառնա ոչ միայն մեր ժողովրդի զարդը, այլև` վարպետի նկատմամբ մեր սիրո արտահայտումը, որի ֆիլմերը սիրված են բազմաթիվ սերունդների կողմից»,- ասել է Մանսուրյանը:

Բացման ֆիլմ

Աստղի բացման արարողությանը հաջորդել է 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան եղել է 2015-ին Կաննի կինոփառատոնում, մասամբ անդրադառնում է ցեղասպանության թեմային և պատմում վերապրածների սերնդի մասին:

«Երկար ժամանակ ցանկացել եմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Իրականում ցանկացել եմ նկարել այնպիսի ֆիլմ, որը հայկական իրականությունը ներկայացնող ռեզյումե կլիներ», – ասել է Գեդիգյանը:

Իր ֆիլմում ռեժիսորը միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա: Ֆիլմը պատմում է Արամ անունով երիտասարդի մասին, որն 80–ականներին Մարսելում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան։ Պատահական անցորդ, երիտասարդ հեծանվորդ Ժիլ Տեսզիրը լուրջ վնասվածքներ է ստանում: Արամը Մարսելից փախչում է Բեյրութ, իսկ հեծանվորդը որոշում է գտնել նրան, ում մեղքով վնասվածքներ է ստացել։

Ֆիլմի անգլալեզու վերնագիրը 1980-ականներին հայտնի ֆրանսիացի երգչուհի Ֆրանց Գալի երգերից է: Իսկ որպես հիմնական նյութ ծառայել է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի ինքնակենսագրական վեպը: Իսպանացի հեղինակը կիսով չափ անշարժունակ էր 1981-ին Մադրիդում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կազմակերպած ռումբի պայթյունից: Իր բուժման ընթացքում նա հետազոտում էր Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն ու տեղահանումը՝ մարդկության դեմ այն հանցագործությունը, որը Թուրքիան ցայսօր հերքում է: Իր հետազոտության արդյունքում՝ Գուրիարանը դարձել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող ակտիվ մտավորականներից մեկը:

Գեդիգյանը պատմել է, որ ֆիլմի սցենարի մի քանի տարբերակներ են եղել, ի վերջո կանգ է առել այս մեկի վրա:

«Հարկավոր էր պատմել Հայոց ցեղասպանության մասին, հայ մոր կերպարի մասին, որը ֆիլմի մեջ ընդունում է իր որդու զոհողությունը, իսկ հետո մի փոքր գլոբալացնելով ֆիլմը՝ հայի պատմությունը դարձնել պատմություն մի ամբողջ ազգի», – ռեժիսորի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը:

Գեդիգյանը գլխավորում է փառոտոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին:

Բացման արարողություն

Կինոփառատոնի պաշտոնական բացումը կայացել է երեկոյան, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոն վարում էին ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանն ու աշխարհահռչակ օպերային երգիչ Ժերարդ Փափազյանը:

Արարողությունը սկսվել է վերջերս կյանքից հեռացած լեգենդար եգիպտացի դերասան Օմար Շարիֆի հիշատակը հարգելով, սակայն լռության րոպեի փոխարեն հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է դերասանին, որը «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել էր ցեղասպանությունից փրկված հայի կերպարը: Բացմանը ներկա էր նաև կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որին դահլիճը ևս հոտնկայս է ողջունել:

Այս տարի փառատոնի արտամրցութային ծրագրերից մեկը կոչվում է «Այլևս երբեք…» և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկաներին պատմել է Ավրորա Մարդիգարյանի զարմանալի ճակատագրի մասին, որը փրկվել է կոտորածից և 1919-ին նկարահանվել հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում՝ հիմնված նրա հիշողությունների վրա: Բեմում էր նաև Մարդիգարյանի ճամպրուկը, որով նա ճանապարհորդել է աշխարհում՝ ներկայացնելով իր ֆիլմը:

Դեմոյանի ելույթից հետո ցուցադրվել է «Հոգիների աճուրդ» ֆիլմից պահպանված մի հատված: Ցուցադրությունն ուղղեկցվել է «Հովեր» երգչախմբի ելույթով: Հավանաբար, դա երեկոյի ամենահուզիչ մասն էր:

Արարողության ընթացքում հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո բեմ են բարձրացել երեկոյի գլխավոր գեղեցկուհիներն ու համատեղությամբ փառատոնի պատվավոր հյուրերը՝ Նաստասյա Կինսկին և Օռնելա Մուտին, որոնց հանձնվել են Փարաջանովի անվան հատուկ մրցանակը:

«Այստեղ գտնվելը քաղցր հեքիաթ է», – ասել է Կինսկին:

Մուտին, իր հերթին, փառատոնն անվանել է զարմանալի՝ հույս հայտնելով ապագայում ևս մասնակցել դրան:

Նաստասյա Կինսկիին` դերասան Կլաուս Կինսկիի դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը (1979): Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակիր «Փարիզ, Թեքսաս»-ը: «Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Կինսկիի ֆիլմերին` «Թեսս» (Ռոման Պոլանսկի),«Փարիզ, Թեքսաս» (Վիմ Վենդերս), «Մարիայի սիրեցյալները» (Անդրեյ Կոնչալովսկի):

Ողջույնի խոսքով ելույթ են ունեցել նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեծ կինոյով, և ընդհանրապես՝ արվեստով, հայերս հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոմշակույթը և վերջինիս միջոցով` մեր ձգտումները, աշխարընկալումն ու ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարևոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Տասնամյա մեր ընկերությունն արդեն տասներորդ անգամն է աջակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին», – ասել է Յիրիկյանը:

Խաչատրյանն ու Յիրիկյանը հայտարարել են փառատոնը բացված՝ արդեն իսկ նախանշելով հաջորդի մասին:

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 1600 հայտ 105 երկրից, ինչը վկայում է աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014-ին ստացվել էր 1500 հայտ մոտ 95 երկրից): 12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում կիրականացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: