AM
2 Սեպտեմբեր 2015 - 06:28 AMT

Հակառակորդի կրակոցից Բերդում ժամկետային 2 զինծառայող է վիրավորվել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի, հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցներից 2 պայմանագրային զինծառայող է վիրավորվել, տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վիրավորները Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից են, վիճակները կայուն է»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Վիրավորված զինծառայողներից մեկին վիրահատել են, նա որովայնի բաց թափանցող վերք ունի: Այս պահին վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բայց կայուն, ասել է զինվորի վիրահատող բժիշկ, N Զորամասի հրամանատարի բուժական գծով տեղակալ Արմեն Մարդանյանը:

Ըստ նրա, վիրահատությունից հետո գիշերը զինվորին տեղափոխել են Երևան, Կենտրոնական հոսպիտալ: Մյուս վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է, վիրակապից հետո նա տեղափոխվել է հիվանդասենյակ:

Սեպտեմբերի լույս 1-ի գիշերն ու առավոտյան ադրբեջանական դիրքերից գնդակոծել էին Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը: Այդ մասին տեղեկացրել էին գյուղապետեր Սերյոժա Ալեքսանյանն ու Նարեկ Սահակյանը:

Վերջինիս խոսքով,սեպտեմբերի 1 է, և տոնական օրերին միշտ էլ կրակում են: Ըստ Սահակյանի, քանի որ կրակել էին գյուղի դպրոցի մերձակայքում գտնվող միջպետական ճանապարհի վրա, սեպտեմբերի 1-ի տոնական միջոցառումներն արագ ավարտվել էին, վիրավորներ չկային, միայն վնասվել էին մի քանի տների ապակու փեղկեր, ճակատային մասի պատեր:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույն օրը լրագրողներին ասել էր, որ իրավիճակը շփման գծում ու սահմանին վերահսկվում է, բնակչությունը կարող է հանգիստ լինել, հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր առջև դրված խնդիրները լավագույնս է լուծում:

ՊՆ ղեկավարի խոսքով՝ իրականում կրակոցների թիվն ավելանում և պակասում է, բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում ապահովված են: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձ է եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են: