Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հաջողվել է հավաքչական աշխատանքների արդյունքում ձեռք բերել 1915-ին արված անհայտ լուսանկարի բնօրինակը: Այս մասին տեղեկացրել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով՝ լուսանկարը պատկերում է Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերին ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներին: Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը:
«Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում», – գրել է Դեմոյանը:
Գոյություն ունեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, որոնք ներառված են աշխարհի տարբեր, մասնավորապես` Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Հայաստանի և այլ պետությունների արխիվներում: Հաշվի առնելով ողբերգական իրադարձությունների ժամանակաշրջանը, երբ ոչ բոլորին էր հասանելի ֆոտոխցիկը, մասնավորապես խոսքը գնում է պատերազմական շրջանում հիմնական քաղաքային կենտրոններից հեռու գտնվող վայրերի մասին, այդ լուսանկարները հանդիսանում են հայ ժողովրդի ողբերգության ամենակարևոր ապացույցը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը խստիվ արգելել էր լուսանկարել տեղահանված հայերին ու մահվան երթերի ժամանակ սպանվածների կամ մահացածների մարմինները: Ինչևէ, գոյություն ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարյուրավոր լուսանկարներ, որոնք հիմնական տեսանելի աղբյուրներն ու ապացույցներն են: Ամեն տարի տարբեր աղբյուրներից նորանոր ֆոտոնյութեր են ի հայտ գալիս:






