Տավուշի մարզի Պառավաքար գյուղում սեպտեմբերի 28-ին հակառակորդի կրակոցից գյուղի բնակիչներից մեկը վնասվածք է ստացել: Այդ մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ ոստիկանությունից:
Գյուղացին վնասվածքը ստացել է խաղողի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, գրում է Panorama.am-ը:
Այլ մանրամասներ չի հաղորդվում:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան կրակոցներ չեն հնչել, չնայած նախորդ երեկո ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարը, բայց ոչ գյուղի ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը՝ նշելով, որ նույն օրվա երեկոյան նորից որոշ ժամանակ ոչ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել:
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության էր ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ:






