AM
25 November 2002 - 15:49 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ ՈՐՊԵՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվի որպես բանակցությունների կողմ, քանի դեռ չի գտնվել հակամարտության քաղաքական լուծումը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Նիկոլայ Գրիբկովի Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ընդգրկելու առաջարկությունը: Գուլիեւի խոսքերով, «այդ խնդրին նույնիսկ ամենաանիրազեկ մարդիկ գիտեն, որ Ադրբեջանի տարածքներն օկուպացվել են ոչ թե Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, այլ Հայաստանի զինուժի ստորաբաժանումների կողմից: Հենց այդ պատճառով մենք երբեք Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների սեղանի շուրջ չենք նստի»: Գուլիեւը նաեւ նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կշարունակվեն արդեն 2003 թվականին` Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւի եւ Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններում հաղթողի միջեւ: