Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net-ը 5 նորույթ է ներկայացնում, որոնք ցուցադրվելու են Երևանի կինոթատրոններում նոյեմբերին:
«007. Սպեկտր» (օրիգինալ անվ.`Spectre)
Մարտաֆիլմ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսոր` Սեմ Մենդես
Դերերում` Դենիել Քրեյգ, Ռեյֆ Ֆայնս, Նաոմի Հարիս, Քրիսթոֆ Վալց, Լեա Սեյդու, Մոնիկա Բելուչչի
Պրեմիերան Երևանում նոյեմբերի 6-ին
«Բոնդիանայի» նախորդ ֆիլմի («007: Կոորդինատները «Սքայֆոլ») հաջողությունը ստիպեց պրոդյուսերներին երկրորդ անգամ ներգրավել լավ ռեժիսոր Սեմ Մենդեսին: Հիմնականում արտհաուսային ֆիլմերի հեղինակը, չնայած քննադատների կանխատեսումներին, երկրորդ անգամ ևս չհրաժարվեց զուտ զվարճային ժանրի ֆիլմ նկարահանելուց: Շարքի հավատարիմ երկրպագուները բարձր գնահատեցին այս ժեստը, չէ որ նախորդ ֆիլմում Մենդեսին հաջողվեց որոշակի թարմություն հաղորդել ֆիլմաշարին և սեփական հեղինակային ձեռագիրը ցուցադրել: Բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 24-րդ ֆիլմը կպատմի «Սպեկտր» չարագուշակ կազմակերպության դեմ պայքարի մասին, որի ղեկավարը արդեն ի հայտ եկել է «հին ֆիլմաշարի» ֆիլմերից մի քանիսում:
«Քաղցած խաղեր. Ճայ-Ծաղրասարյակ. Մաս 2» (օրիգինալ անվ.`The Hunger Games: Mockingjay- Part 2 ) Հակաուտոպիա, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսոր` Ֆրենսիս Լոուրենս
Դերերում` Ջենիֆեր Լոուրենս, Ջոշ Հաթչերսոն, Լիամ Հեմսվորթ, Սեմ Քլաֆլին, Էլիզաբեթ Բենքս, Վուդի Հարելսոն, Դոնալդ Սազերլենդ
Պրեմիերան Երևանում նոյեմբերի 19-ին
Հետապոկալիպտիկ աշխարհի մասին պատմող ֆիլմաշարի վերջին մասն է, որտեղ իշխանավորները պարբերաբար մահացու մրցաշարեր են կազմակերպում հալածված և աղքատ շրջանների երիտասարդների խմբերի միջև: Ամերիկացի գրող Սյուզան Քոլինզի ոգեշնչման աղբյուրը եղել է ժանրի կանոններին շատ ավելի հավատարիմ ճապոնական «Թագավորական ճակատամարտ» ֆիլմը: Արդյունքում ծնվեց մի եռապատում, որը երիտասարդական ֆանտաստիկայի և համաուտոպիայի մի համադրությունյ է: Էկրանավորումը շատ ավելի անհամ ու աչքի չընկնող ստացվեց` ամեն մասի հետ հեռանալով ժանրի կանոններից: Թիրախային հանդիսատեսին դուր եկավ, ինչն էլ ստիպեց պրոդյուսերներին վերջին մասը` «Ճայ-Ծաղրասարյակը» 2 մասի կիսել: Հավանաբար, ավելի շատ շահույթ ստանալու ակնկալիքով:
«Այցը» (օրիգինալ անվ.` The Visit)
Սարսափ, թրիլեր, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսոր` Մ.Նայթ Շյամալան
Դերերում` Օլիվիա դը Ջոնջ, Էդ Օկսենբուլդ, Դիանա Դանագան, Փիթեր ՄաքՌոբբի:
Պրեմիերան Երևանում նոյեմբերի 26-ին
«Վեցերերոդ զգայարան», «Խորհրդավոր անտառը» և «Նշաններ» պաշտամունքային ֆիլմերի հեղինակ, ազգությամբ հնդիկ Մ.Նայթ Շյամալանը որոշել է վերադառնալ իր նախընտրած ժանրին: Եվ դա հասկանալի է: Վերջին տարիներին աղմկահարույց ֆիլմերի ռեժիսորը հանկարծ սկսեց նկարահանել ցածրակարգ և բացահայտ վատ կինո` փորձելով ներկայանալ այլ ժանրերում: Չստացվեց: Կարելի է վստահաբար ասել, որ «Այցը» սարսափազդու հեքիաթ է ուրվականների մասին, որը կարող է վերջին շանսը լինել Շյամալանի համար: Եթե կինոնկարը ձախողվի, ռեժիսորը հավանաբար, ստիպված կլինի գտնել այլ, կինեմատոգրաֆից միանգամայն տարբեր աշխատանք:
«Լավ դինոզավրը» (օրիգինալ անվ.`The Good Dinosaur)
Անիմացիոն ֆիլմ, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսորներ` Բոբ Փիթերսոն, Փիթեր Սոն
Դերերում` Ռեյմոնդ Օչոա, Ջեֆրի Ռայթ, Սթիվ Զան, Աննա Փեքուին, Սեմ Էլիոթ, Ֆրենսիս Մակդորմանդ:
Պրեմիերան Երևանում նոյեմբերի 26-ին
Լեգենդար Pixar ստուդիան շարունակում է բարձր շեմ սահմանել անիմացիոն ֆիլմերի ինդուստրիայի համար, ամեն անգամ ներկայացնելով ոչ թե ուղղակի մուլտֆիլմեր, այլ արվեստի իսկական գործեր: Դա վերաբերում է ոչ միայն գործի տեխնիկական կատարելությանը, այլ նաև բարդ, խորը սյուժեին, որը հասցեագրված է տարիքային բոլոր խմբերին: «Լավ դինոզավրը» դրամատիկ և գրավիչ մի պատմություն է Արլոյի մասին` 70-ֆուտանոց երիտասարդ դինոզավրի, որը մեծ սիրտ ունի: Երբ ինչ-որ ողբերգական իրադարձություն խառնաշփոթ է առաջացնում Արլոյի հանգիստ հարևանների շրջանում, նա ուղևորության է գնում խաղաղությունը վերականգնելու համար` ճանապարհին հանդիպելով անսովոր մի ընկերակցի` Սփոթ անունով տղային:
«Վիկտոր Ֆրանկենշտեյն» (օրիգինալ անվ.` Victor Frankenstein)
Սարսափ, ֆանտաստիկա, դրամա, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսոր` Փոլ ՄակԳիգան
Դերերում` Դենիել Ռեդկլիֆ, Ջեյսմ ՄաքԷվոյ, Ջեսիկա Բրաուն-Ֆինդլի, Չարլզ Դենս
Պրեմիերան Երևանում նոյեմբերի 26-ին
Անգլիացի գրող Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյնը կամ ժամանակակից Պրոմեթևսը» ֆանտաստիկ վեպը, որ գրվել է 1818-ին, հիմք է հանդիսացել մեծ քանակությամբ ֆիլմերի համար կինեմատոգրաֆի ամբողջ պատմության ընթացքում: Ավելին, «ստեղծածը ոչնչացնում է արարչին» շարքից ցանկացած պատմություն ինչ-որ առումով հիմնված է գրողի ստեղծագործության վրա: Փոլ ՄակԳիգանը որոշել է յուրովի վերափոխել խենթ գիտնականի պատմությունը. այս անգամ նրա էքպերիմենտները կցուցադրվեն Ֆրանկենշտեյնի օգնական Իգորի տեսակետից: