AM
4 November 2015 - 11:48 AMT

«Անտոհմ գազանները». Դաժան պատմություն հասունացման և կորսված պատանեկության մասին

Ագու անունով պատանին ապրում է համեմատաբար բարեկեցիկ ընտանիքում, թեև ռեզերվացիայում: Քաղաքացիական պատերազմը, որը բռնկվում է այդ աֆրիկյան երկրում, անդրադառնում է փոքր ավանի առօրյա կյանքի վրա միայն ՄԱԿ զինվորների ներկայությամբ և այն փաստի սևեռուն գիտակցությամբ, որ փոթորկող պատերազմը վաղ թե ուշ կհասնի նաև քեզ: Նախաբանը մանկական հեքիաթ է հիշեցնում, որն ինքը Ագուն է պատմում: «Մեր ավանում ես լավ տղա էի համարվում, մեր ընտանիքն ամեն ինչ ուներ: Սակայն պատերազմը միշտ առանց թաելու է մտնում»: Հետո պատանին ակամայից հանդիսատեսի համար յուրօրինակ ուղեկցորդ է դառնում, որը փաստագրական հավաստիությամբ ցույց է տալիս «ձեռակերտ» դժոխքի բոլոր անկյունները:

Ռեժիսոր Ֆուկունագան չի շտապում բացահայտել անիմաստ պատերազմով բզկտված հողի բոլոր արյունահոսող վերքերը: Նա անշտապ խոսում է ապշած հանդիսատեսի առջև` միայն մասնակիորեն ցույց տալով էկրանին կատարվող դաժանությունները: Փոքր քաղաքի մասշտաբով գործված ցեղասպանությունը` անմեղ զոհերի աղաղակները, գլխավոր հերոսի երևակայությամբ կարմիրով ներկված թփուտները, ոտքով հարվածից մեռնող աղջկա աչքերում ծվարած մահը, աստծո և մոր հետ անընդհատ շփվելու Ագուի ցանկությունն ու հավերժական հարցը. «Տեր, միթե չես տեսնում ինչ է կատարվում»: Ահասարսուռ տեսարանի մյուս մասը հանդիսատեսն ինքն է պատկերացնում և դրանից այն ավելի ահավոր է դառնում:

Ֆիլմի հերոսի պարտադրված հասունացումը, նրա հրաժեշտը պատանեկությանը նման է տանջալից երկունթի: Մեկ վայրկյանում անհետացած մանկությունը դժոխային ցավերի մեջ է տառապում`կառչելով Ագուի գիտակցությունից և չցանկանալով լքել նրան: Տղամարդու կայացումն անցնում է պատանու անխուսափելի մահվան միջով, որը, վերջին շունչը փչելիս, գիտակցում է, որ աստված նրան այլևս չի լսում և երբեք էլ չի լսել: Նա իր կյանքը հանձնում է մոր հոգածությանը` միակ կենդանի էակին, որը միշտ իր կողքին կլինի: Այս պատմության վերջին ակորդը Ագուի զրույցն է հոգեբանի հետ. «Եթե ես պատմեմ ձեզ իմ պատմությունը, Դուք կմտածեք, թե ես հենց ստանան եմ, որ կամ: Եվ իրավացի կլինեք»:

Առանձին հիշատակման է արժանի դերասանների խաղը: Ագուի դերը դեբյուտային է Գանայից 15-ամյա դերասան Աբրամ Ատտայի համար: Չնայած տարիքին և փորձի բացակայությանը` պատանին համոզիչ խաղ է ցուցադրում, որի ստեղծած կերպարի իրականությանը չի կարելի չհավատալ: Բրիտանացի դերասան Իդրիս Էլբան հրամանատարի դերում կատարում է իր կարիերայի ամենաբարդ դերը` նրա ստեղծած կերպարն, անկախ բացասական լինելուց, լի է էներգետիկայով, արյունախում գիշատիչի նման:

«Անտոհմ գազաններում» աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա` առանց ավելորդ բարոյական խրատների ու պաթոսի: Այն պատմում է սովորական մարդկանց մասին, որոնք ապրում և սպանում են իրար մեր ընդհանուր մոլորակում: Կինոնկարն ի ցույց է դնում այն իրադարձությունները, որոնք ամեն օր կատարվում են իրական աշխարհում, անկախ նրանից, մեզ դա դուր է գալիս, թե ոչ, պատրաստ ենք մենք արդյոք հաշտվել դրա հետ, թե ամեն ինչ ժխտելու ենք դիտելուց անմիջապես հետո: Բայց ամեն անգամ, «Անտոհմ) գազանների» վերջին տիտրերը դիտելուց հետո դատարկության անհաղթահարելի զգացողություն է առաջանում և, միաժամանակ, ուրախության` որ ծնվել ես այլ մայրցամաքում: