AM
5 November 2015 - 07:27 AMT

Օհանյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցչին. Բարձրացվել է Բաքվի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հարցը

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը` ուշադրություն հրավիրելով վերջին ամիսներին լարվածության կտրուկ աճի, ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման վրա, որի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ:

Օհանյանը վերահաստատել է հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման, պատահարների հետաքննության մեխանիզմների ներդրման կորևորությունը` կոչ անելով ավելի հասցեական դարձնել միջազգային կազմակերպությունների հորդորները հակամարտող կողմերին:

Զալբերն իր հերթին մտահոգություն է հայտնել առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներդրում կատարել վերոնշյալ ձևաչափով բանակցային գործընթացում:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: