AM
7 November 2015 - 10:10 AMT

Օհանյան. Մի օր ԵԱՀԿ ՄԽ համանախագահները թիրախավորված կարտահայտվեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից թիրախավորված գնահատական մի օր կլինի: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարություններին, որոնցում գրեթե միշտ ուժի գործադրումից զերծ մնալու ընդհանրական կոչեր են հնչում:

«Մենք ձգտում ենք խաղաղության պայմանները պահպանել, բազմիցս նույնիսկ միակողմանի վստահության մթնոլորտի մեխանիզմների մշակման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տարել: Չկրակել, չպատասխանել, միակողմանի հետաքննություններ ենք անցկացնում, բայց տա Աստված՝ գա այն պահը, երբ վստահության մեխանիզմները ձևավորվեն երկխոսության և փոխադարձ պայմանավորվածության շնորհիվ», – ասել է Օհանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա նաև նշել է, որ վերջին շրջանում սահմանինլարվածությունն իջել է և իրավիճակը վերահսկելի է։

Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո Միջնորդները Ադրբեջան են մեկնել դեկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտից։ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության՝ հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից:

Սակայն ՄԽ համանախագահների համար կրկին անհայտ է դիտարկման ժամանակ հրադադարը խախտած կողմը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հատումից հետո անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել:

«Այս միջադեպով անթաքույց ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաև հաստատում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար», – ասվում է հաղորդագրությունում: