AM
11 November 2015 - 06:32 AMT

ԱՄՆ դեսպան. Կշարունակենք աշխատել լուծել ԼՂ հակամարտության և Թուրքիայի հետ հաշտեցման խնդիրները

Հայաստանն ունի կայուն կառավարություն, որը ձգտում է բարելավել ծառայությունների մատուցումը, ակտիվ քաղաքացիական հասարակություն, կիրթ աշխատուժ, աշխարհով մեկ պատվիրատուներ ունեցող կենսունակ ՏՏ ոլորտ և ծաղկում ապրող գյուղատնտեսություն: Այս մասին ԱՄՆ առաքելության արտաքին քաղաքական առաջնահերթություններին նվիրված ելույթում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, հայտնում է Panorama.am-ը:

«Ուրախ եմ նկատել, որ մեր երկրների միջև սերտ կապերը, վերջին երկու տասնամյակների ընթացքում շարունակել են վերելք ապրել: Չնայած 1991թ. ի վեր տեղ գտած բազմաթիվ ձեռքերումներին կան ոլորտներ, որտեղ առաջընթացը կանգնած է կամ լճացման վիճակում է գտնվում», -հայտարարեց ԱՄՆ դիվանագետը:

Նա ցավալի է համարում այն, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, փակ է մնում Թուրքիայի հետ սահմանը և միևնույն ժամանակ ընդգծում, որ ԱՄՆ կառավարությունը կշարունակի ջանքերը պաշտոնական ու ժողովրդական դիվանագիտության ոլորտներում՝ այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով:

Միլզի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հետ կապված Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: «Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, մենք երկու կողմերին հորդորում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերի համար բաց մնալ, քանզի դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկու երկրներին», -հավելեց նա:

Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում, ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում: Երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ:

1993-ին Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողեն եղել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: