Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի շրջանում ըստ ՏԿԱԻՆ նախնական տվյալների` ՀՀ քաղաքացիներ չկան: Կապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, նա տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից:
Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ կմիանա բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն բոլոր գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դրսևորումների պատճառ են դառնում:
Այս դժվարին պահին Հայաստանը Ֆրանսիայի կողքին է և պատաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, մեծարգո պարոն նախագահ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերն ու հոգիները»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Ընթերցեք նաև. Նալբանդյան. Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին
Փարիզում 8 գրոհային է ոչնչացվել. Ֆրանսիան փակում է սահմանները