AM
21 November 2002 - 17:29 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների Վիեննայում կայացած վերջին հանդիպման արդյունքների առնչությամբ: Միեւնույն ժամանակ նա «Արմինֆո» գործակալությանն է հայտնել, որ պաշտոնական Երեւանն այդ հանդիպումից առանձնապես ակնկալիքներ չուներ: «Երեւանում ուշադրությունը կենտրոնացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի նոյեմբերի 21-ին Պրահայում նախատեսվող հանդիպման վրա»,- նշել է նախարարը: Վարդան Օսկանյանը հերքել է Բաքվի մի շարք ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե ներկայումս Հայաստանը եւ Ադրբեջանը մի փաստաթուղթ են մշակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: