AM
11 Դեկտեմբեր 2015 - 08:16 AMT

€9 մլն ` «Արամ Խաչատրյան» համերգասրահի և Սունդուկյանի անվ. թատրոնի վերազինմանը

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի («Արամ Խաչատրյան» համերգասրահի) և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի դահլիճի տեխնիկական վերազինումն այսօր անհրաժեշտություն է դարձել, քանի որ, նախորդ դարի առաջին կեսին և 50-ականների կեսին կառուցված այս դահլիճներում թեև ժամանակ առ ժամանակ իրականացվել են ընթացիկ կոսմետիկ վերանորոգումներ, սակայն ստեղծման օրվանից երբեք չեն վերազինվել տեխնիկապես։

Խորհրդային արտադրության սարքավորումները տարիների ընթացքում մաշվել են և իրենց տեխնիկական հնարավորություններով բնավ չեն համապատասխանում միջազգային արդի պահանջներին, իսկ միջազգային ծրագրերի պարագայում, շատ հաճախ Հայաստանի կողմից տեխնիկական ռայդերի չհամապատասխանեցումը հանգեցնում է նախագծերի չիրականացմանը կամ էլ պատճառ դառնում տեխնիկական միջոցների վարձակալության։

Վերազինման ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ազատվել վերոնշյալ խնդիրներից և բարելավել դահլիճների տեխնիկական հագեցվածությունը՝ այն հասցնելով համաշխարհային ստանդարտներին համապատասխանող որակի ու մակարդակի:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինման շրջանակում`

• մատակարարվել են հարթակներ՝ նվագախմբի, երգչախմբի, լարային գործիքի և դիրիժորի համար, պռոեկցիոն էկրան, նվագախմբի աթոռներ, նոտաների տակդիրներ, լուսամփոփներ, գործիքների տեղափոխման և պահպանման սայլակներ, պարային ծածկույթ, դաշնամուրի տեղափոխման հոլովակներ, նաև մատակարարվել է երկու տեսակի վարագույրներ և այլն: Ամբողջությամբ նորացվել է բեմահարթակը, ամֆիթատրոնը՝ կաղնե մանրահատակով և պաշտպանիչ ծածկով: Սարքավորումները ղեկավարվում են մեկ շարժական վահանակից: Վերանորոգվել է 250 քմ. վերին աշխատանքային հարթակը, ապահովելով անվտանգության և հակահրդեհային կանոնները:

• իրականացվել է լուսային տեխնիկայի նոր համակարգի տեղադրումը, ներառյալ նոր սերնդի ղեկավարման վահանակի, սենսորային էկրանների, լուսատուների, նոր մալուխային ցանցի և այլն:

Համերգասրահը հանձնվել է շահագործման 2014 –ի հուլիսի 20-ին:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքները մեկնարկել են 2015-ի սեպտեմբեր ամսին:

Ծրագրի շրջանակում դեռ իրականացվելու են նաև հետևյալ աշխատանքները`

• բեմական մեխանիզացիայի մասով ներդրվելու են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմանական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը: Որոնք ղեկավարվելու են հեռակառավարվող վահանակներով: Ներմուծվելու են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը: Փոխվելու է բեմի տախտակամածը, դահլիճի հատակը, հանդիսատեսի աթոռները և այլն:

• լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվելու են ղեկավարման (ներառյալ սենսորային էկրանները) վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը:

• ձայնային սարքավորումների մասով ներդրվելու են բեմի ղեկավարման և ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգերը՝ տարբեր սարքավորումներով, ականջակալ, խոսաձողներ և միկրոֆոններ, բարձրախոսեր, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ և այլն:

Ներկայումս ընթանում են ապամոնտաժման աշխատանքները, որոնք կավարտվեն 2016-ի հունվարի վերջին:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» (կոնսորցում) ընկերությունների միջև կնքվել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական վերազինման պայմանագիր՝ 7.000.000 եվրո գումարի չափով, որը ներառում է բեմական մեխանիզացիաների, լուսային և ձայնային համակագերի արդիականացում և վերազինում:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» (կոնսորցում) ընկերությունների միջև կնքվել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական վերազինման պայմանագիրը՝ 2.000.000 եվրո գումարի չափով, որն իր մեջ ներառում էր բեմական սարքավորումների և լուսային համակարգերի արդիականացում և վերազինում:

Տեխնիկական վերազինման ծրագրերի իրականացումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2014-ի հունիսի 4-ի նիստում: