«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Դեկտեմբերից արդեն իսկ սկսվել է համալիրի հյուսիսային մուտքի վերանորոգումը: Այս մասին հայտնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժինը:
«Որոշվեց աշխատանքներն սկսել հյուսիսային մուտքից, ինչը կարևոր էր թե զբոսաշրջիկների համար խոչընդոտներ չստեղծելու, թե համալիրի վերականգնման աշխատանքները ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Սա այն դարպասն է, որը գործել է պատմականորեն: Այս դարպասից մուտք գործելիս՝ միանգամից իր ողջ վեհությամբ երևում է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, և շատ գեղեցիկ տեսարան է բացվում: Աշխատանքների ընթացքում ոչ միայն կամրացվի մուտքի պարսպապատը, այլև կվերականգնվի սկզբնական տեսքը», – նշել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:
Մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը՝ մասնագիտական կազմակերպությունների կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ երկրաֆիզիկական, երկրաբանական, նյութաբանական, տարածքի սեյսմիկ վիճակի, կառույցների ինժեներական ուսումնասիրություններ, լազերային սքանավորում: Ուսումնասիրվել են նաև Տաթևի վանական համալիրին վերաբերող մատենագիտական և արխիվային փաստաթղթերը՝ վերականգնման աշխատանքները պատմական տեսքին և կառուցապատմանը համապատասխան իրականացնելու համար:
Հյուսիսային մուտքը մինչև վերանորոգումըՎանական համալիրի հիմքը ստորգետնյա ջրերից պաշտպանելու և խոնավությունից զերծ պահելու համար դրենաժային նոր համակարգ է կառուցվել:
«Հյուսիսային մուտքից հետո կմեկնարկեն համալիրի մյուս կառույցների՝ Սբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, զուգահեռ կիրականացվի Ճոճվող սյան՝ Գավազանի և Զանգակատան վերականգնումը», – ասել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:
Հյուսիսային մուտքը վերանորոգումից հետո (3D մոդելավորում)Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնելիս IDeA հիմնադրամը գործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի և ՀՀ մշակույթի նախարարության հետ:
«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել և վերականգնել վանական համալիրի բոլոր՝ թե եկեղեցական, թե օժանդակ կառույցները:
«Տաթևեր» ճոպանուղու գործարկումից ստացվող հասույթը նույնպես ուղղվում է վանական համալիրի վերականգնմանը:






