Հայաստանի զինված ուժերի 2003 թվականի բյուջետային ֆինանսավորումը միայն 5 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ոչ մի պաշտպանության նախարար երբեք գոհ չի լինում երկրի ռազմական կարիքների համար նախատեսվող բյուջետային հատկացումներից: Միեւնոյն ժամանակ նախարարը նշել է, որ «գոյություն ունեն ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ: Մենք ունենք գործընկերներ, որոնց հետ կնքված են համապատասխան համաձայնագրեր ռազմական համագործակցության եւ ռազմատեխնիկական օգնության վերաբերյալ», – ասել է նա: Նախարարի խոսքերով, մոտ ժամանակներս երկրի խորհրդարանի վավերացմանը կներկայացվեն երկու գաղտնի համաձայնագրեր, որոնք ստորագրվել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովի` վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում: Նշենք, որ Հայաստանի բյուջեի նախագծի համաձայն, երկրի պաշտպանական ոլորտի ֆինանսավորման չափը կկազմի 45,961 միլիարդ դրամ (մոտ 77 միլիոն դոլար), որոնցից 41,124 միլիարդ դրամը նախատեսված է հայկական զինված ուժերի կարիքների համար: