Քոչարի` Փարիզում վերջին անհատական ցուցահանդեսից արդեն 30 տարի էր անցել, երբ 1965-ին հայրենիքում որոշեցին առաջին անգամ ցուցադրել նրա գործերը, բայց «Պատերազմի արհավիրքը» դրանց շարքում չէր: Եվս 6 տարի անց` 1971-ին, Լուվրի Դեկորատիվ արվեստների թանգարանի սրահներում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրերը» աննախադեպ լայնածավալ ցուցահանդեսին մեկնելու համար արդեն փաթեթավորված նկարը պիտակավորվեց «վտանգավոր»: Միակ բանը, որ ի զորու էր անել մշակույթի նախարար Կամո Ուդումյանը, փարիզյան ամսագրերից մեկում արվեստագետի լուսանկարը «Պատերազմի արհավիրքը» կտավի կողքին տպագրելն էր: Նույն թվականին Երևանում Քոչարը ևս մեկ անհատական ցուցահանդես է ունենում, որտեղ վերջապես ցուցադրվում է «Պատերազմի արհավիրքը», իսկ 1973-ին այն ներկայացվում է նաև Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում:

Դրվագ «Պատերազմի արհավիրքից»
Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում, շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1921-ին Քոչարն արդեն գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելը` համբավավոր նկարիչ։ 1922 թվականին Քոչարը Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Սբ Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։ 1923-ին Քոչարը Փարիզում էր: Հենց Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև` «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ։
«Պատերազմի արհավիրքը» տարածական չէ, սակայն նկարի նույնիսկ ավանդական երկչափ մակերեսին աչքի են զարնում տարածական նկարչության ձևակերտական առանձնահատկությունները: Ուրվագծերի փոխներհյուսման, բազմաշերտ գունային ներթափանցումների շնորհիվ Քոչարը ստեղծել է ծայրագույն լարման վիճակ: Մտքի ու ձևի այդօրինակ փոխհարաբերվածությունը կտավի մակերեսը դարձրել է արտակարգ հագեցած, այստեղ իրերն ու երևույթներն անհրաժեշտ է դիտարկել տարբեր տեսանկյուններից, որովհետև միանգամայն անհնար է ընկալել նկարից հորդող ինֆորմացիան:
Փարիզյան դպրոցի հայազգի անվանի արվեստագետը 1600 մտավորականի հետ Հայաստան եկավ իր փառքի գագաթնակետին` 1936 թվականին: Վերադառնալով Սովետական Հայաստան` նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Արգելքները, բանտը, մեկուսացումը, անտարակույս, ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց ոչ բացասաբար։ Որոշիչ դեր ունեցավ խրուշչովյան ձնհալը: Բացի «Պատերազմի արհավիրքից», այս տարիներին ստեղծվել են նաև «Էքստազը» (1960), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլն:

Դրվագ «Պատերազմի արհավիրքից»
«Պատերազմի արհավիրքը» ստեղծագործության հիմքում պատմական փաստ կամ ժամանակաշրջանը բնորոշող որևէ ատրիբուտ չկա: Հեղինակը խուսափել է կոնկրետացումից և դրանից ստեղծագործության ներգործուն ուժն ավելի է մեծացել. այստեղ դատապարտված են բոլորը, ոչնչանում են մարդկային ոգու արարած արժեքները. ցավից և սարսափից աղավաղված դեմքեր, երկինք կարկառած ձեռքեր, արյունով լցված աչքեր, բռունցքված կամ միմյանց կոկորդից կառչած ձեռքեր… Վրեժի և կործանման այդ տարերքի մեջ ձիերն էլ մարդկանցից վարակված կծոտում են իրար: Նկարն ասես գուժում է` պատերազմը մարդկային կրքերի ողբերգությունն է, մարդկության խարան, ուր պարտվում են բոլորը: Այս ստեղծագործությունն ահազանգ է, բանականության կոչ:
1984 թվականին Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։

Երվանդ Քոչարի երևանյան թանգարանը պատրաստել է «Պատերազմի արհավիրքը» նկարը մեկնաբանող բուկլետ և տեսաֆիլմ 4 լեզվով: Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը նշում է, որ իրենք փորձում են մշակել և իրականացնել թանգարանի ու կրթական հիմնարկների գործակցության նոր ծրագրեր` նպատակ ունենալով երիտասարդներին հաղորդակից դարձնել 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստին, մասնավորապես` 10-30-ական թվականներից սկիզբ առած գեղագիտական նորագույն ըմբռնումներին, որի կերտողներից էր Երվանդ Քոչարը: Ինչ վերաբերում է «Պատերազմի արհավիրքին», այն հիմնականում ներկայացվում է ինտերակտիվ եղանակով, երբ այցելուներն իրենք են փորձում նկարագրել նկարը` բացահայտելով նրբերանգներն ու զգալով յուրաքանչյուր վրձնահարվածը: