Հայաստանում իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերը վերադարձնելու գործընթացի մանրամասները հայտնի կլինեն մարտի 31-ից: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տոմսարկղից:
Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղյալ են համարվել: Շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ափսոսում են, որ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են հայտարարել շրջագայությունն ընդհատելու և Հայաստանում, ՌԴ-ում և Էստոնիայում կայանալիք համերգները չեղյալ հայտարարելու մասին, քանի որ տուրնեի կազմակերպիչ ռուսական «Գոլբալ կոմունիկացիաներ» ՍՊԸ-ն խախտել է պայմանագրային պարտավորությունները:
Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Համերգի կազմակերպիչները մեզ հայտնեցին, որ վաճառված տոմսերի գումարները հետ կվերադարձվեն, երկու օրվա ընթացքում պետք է որոշվի, թե որտեղից է լինելու տոմսերի ընդունումը: Երկու օրից այդ տեղը հայտնի կլինի», – նշեցին տոմսարկղից:
1984-ից ի վեր Ռամազոտին իր երկրպագուների դատին է հանձնել 11 ստուդիական ալբոմ, 2 հավաքածու, 3 համերգային ալբոմ, ինչպես նաև 35 սինգլ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել եվրոպական ու հարավամերիկյան շատ երկրների երաժշտական հիթ շքերթներում։
Իր հերթին, երևանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production ընկերությունը հայտարարել է, որ լրացուցիչ բանակցություններ է վարում արտիստի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով, այնուամենայնիվ, անցկացնել երևանյան համերգը, ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի համերգների կազմակերպիչները: Forpostart-ը պիտի հանդիսանար համերգի կատարողն, այնինչ պատվիրատուն ռուսաստանյան Global communications-ն էր:
«Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատական կարգով կպահանջենք Պատվիրատուի կողմից իր պայմանագրաին պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի,բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառվածվնասի փոխհատուցում», – ասվում է ընկերության հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ համերգի չեղարկման ծանուցումը ստանալուց անմիջապես հետո ընկերությունը կազդարարի փնթագործակալներին համերգի տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին:
Ընդհանուր առմամբ, Ռամազոտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է 40 մլն ձայնագրություն։ Տաղանդավոր իտալացին զուգերգեր է կատարել համաշխարհային մակարդակի այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Շերը, Թինա Թյորները, Անդրեա Բոչելին, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Լուչիանո Պավարոտին, Ռիկի Մարտինը։