AM
26 February 2007 - 14:15 AMT

Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբները հրատարակել են «Ղարաբաղյան հակամարտություն` հասկանալ միմյանց» գիրքը

Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբները համատեղ նախագծի շրջանակներում հրատարակել են «Ղարաբաղյան հակամարտություն` հասկանալ միմյանց» գիրքը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 26-ին Երեւանում: Ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին նվիրված գրքում տեղ են գտել չորս հեղինակների` երկու քաղաքագետների եւ երկու լրագրողների աշխատանքները: Հեղինակները, որոնցից երկուսը հայեր են, իսկ երկուսը Ադրբեջանի ներկայացուցիչներ, փորձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում շահերի շփման եզրեր գտնել, որոնց հիման վրա հնարավոր կլինի փոխըմբռնում հաստատել ժողովրդների միջեւ եւ կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Շնորհանդեսին ներկա հեղինակներից մեկը` հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հուսով է, որ այստեղ տեղ գտած կարծիքներն ու առաջարկները թույլ կտան նոր հնարավորություններ բացել երկու կողմերի կառուցողական երկխոսության համար: Նա նաեւ հավելել է, որ իրեն ուրախացրել է ադրբեջանցի գործընկեր Ռասիմ Մուսաբեկովի այն կարծիքը, թե երկու կողմերի միջեւ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել նաեւ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը:

Գիրքը հրատարակվել է 1000 նմուշ տպաքանակով գերմանական Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի աջակցությամբ: Շնորհանդեսին ներկա այդ հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Գյունտեր Ֆիխտները հայտարարել է, որ այդ գիրքը կօգնի հայ եւ ադրբեջանցի հասարակություններին առավել տեղեկացված լինել ղարաբաղյան հարցում: Նա նաեւ նշել է, որ «երկու հասարակությունների համար Ղարաբաղի խնդիրը ծայրաստիճան ցավոտ է, եւ եթե կողմերը ցանկանում են փոխզիջման հասնել այդ հարցում, այդ հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել»: «Ղարաբաղյան հակամարտություն` հասկանալ միմյանց» գրքի շնորհանդեսն օրերս կկայանա նաեւ Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: