AM
13 May 2016 - 07:00 AMT

«Թանգարանների գիշեր»-ը՝ մայիսի 21-ին. Մոտ 112 թանգարանի մուտքը կլինի անվճար

2016-ին «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով:

Գարնանային ակցիային, այս տարի մասնակցում է Հայաստանում գործող մոտ 112 թանգարան: Մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, մասնակից-թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ «Թանգարանների միջազգային օրը» ամբողջ օրվա ընթացքում` կրկին անվճար: Վերը նշված երկու օրերի ընթացքում, թանգարաններն իրենց դռները կբացեն հասարակության առջև:

1977-ից ի վեր՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքի, ավելի քան 30 հազար թանգարանի՝ կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով:

Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսը «Թանգարանները և մշակութային լանդշաֆտներն» է:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005-ից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանների հանրայնացման համար: