Երևանի պատմության թանգարանը «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին ընդգրկվել է մեկ ընդհանուր ծրագրում, որը մայիսի 21-ին իրականացվելու է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացօթյա ցուցասրահում: Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Նա նշել է, որ «Էրեբունի» թանգարանի բացօթյա ցուցասրահում ներկայացվելու է Հին Երևանի լուսանկարները. «Այդ լուսանկարները չեն ունենալու բացատրագրեր, այցելուներն իրենք պետք է փորձեն ճշգրտել, թե լուսանկարում Երևանի որ հատվածն է ներկայացված», – մեջբերում է Panorama.am-ը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացօթյա ցուցասրահում երևանյան չորս թանգարանի համատեղ ծրագիրը մեկնարկելու է ժամը 21:00-ին:
Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Երևանի պատմության թանգարանում կայանալու է 17-19-րդ դդ. չորս ցուցանմուշի շնորհանդես. Սարդարի պալատի 17-18-րդ դարերով թվագրվող մարմարե շատրվանը, Երևանի հին շուկայի կշեռքը և Երևանի հին ժամացույցը՝ 19-րդ դար, Երևանի հին բնակարանների վիտրաժները՝ 18-19-րդ դդ:
Բոլոր չորս ցուցանմուշը, ըստ նրա, գտնվել են իրենց թանգարանի հավաքածուում, բայց առաջին անգամ են ցուցադրվելու: Բոլորը բնօրինակներն են:
2016-ին «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին:Գարնանային ակցիային, այս տարի մասնակցում է Հայաստանում գործող մոտ 112 թանգարան: Մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, մասնակից-թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ «Թանգարանների միջազգային օրը» ամբողջ օրվա ընթացքում` կրկին անվճար: Վերը նշված երկու օրերի ընթացքում, թանգարաններն իրենց դռները կբացեն հասարակության առջև: