AM
4 June 2016 - 13:59 AMT

Նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները՝ Վենետիկի ցուցահանդեսում

Նյույորքաբնակ հայազգի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները ցուցադրվելու են իտալական Վենետիկի Bel Air Fine Art ցուցասրահում: Այս մասին նկարիչը տեղեկացնում է ֆեյսբուքյան իրէջում:

Ցուցահանդեսը բացվում է հունիսի 4-ին:

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է մոտ 102 յուղաներկ նկար, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։

1993-1999-ին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002-ին ստացել է բակալավրի աստիճան, 2005-ին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009-ից հաստատվել է Նյու Յորքում։

2015-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունը՝ ներկայացնելով արվեստագետի առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում 90-ականների վերջում հայրենիքից մեկնելուց հետո: