Ներկայումս անհնար է թվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Բաքու: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, հայտարարել է Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն` մեկնաբանելով Ամենայն հայոց կաթողիկոսի` Բաքու եւ Կովկասի մահմեդականների առաջնորդի` Երեւան այցերի վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի առաջարկությունը: Փաշազադեի խոսքերով, անիրատեսական է խոսել նման այցերի մասին, «երբ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է»: «Այս պայմաններում հնարավոր չէ համաձայնել Գարեգին Երկրորդի ժամանմանն Ադրբեջան: Ամերիկյան կողմի առաջարկությանը կարելի է համաձայնել միայն այն ժամանակ, երբ պետական ղեկավարները համապատասխան քայլեր ձեռնարկեն, եւ ադրբեջանական հողերն ազատագրվեն»: