AM
20 June 2016 - 08:00 AMT

Կորովկինի «Մրգերով համար»-ը՝ ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 24-25-ին ներկայացվելու է ռուս դրամատուրգ Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը: Բեմադրությունն իրականացնում է երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը, հայտնում են թատրոնից:

«Երկարատև քննարկումներից հետո որոշեցինք բեմադրել Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը: Այստեղ կան գունեղ կերպարներ, ինչը շատ կարևոր է նաև դերակատարի համար, քանի որ հնարավորություն կա ինչ-որ բան հորինելու՝ էլ ավելի գունեղ կերպարը դարձնելու համար: Որոշ լուծում-առաջարկներն ընդունվեցին և, յուրովի մատուցմամբ, տեղ գտան ներկայացման մեջ:

Սիրում եմ ազատ թողնել դերակատարին՝ կերպարն, այսպես ասած, գտնելու հարցում: Ներկայացումը շատ զվարճալի է ստացվել, չկա գռեհիկ հումոր»,- ասել է բեմադրիչը, գրում է Panorama.am-ը:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքը կառուցվել է 1930-1931 թվականներին ճարտարապետներ Գևորգ Քոչարի, Կարո Հալաբյանի և Միքայել Մազմանյանի նախագծով, փոխարինելով նոյն վայրում գտնվող մի ռուսական եկեղեցու։ Շահագործման է հանձնվել 1937-ին ՀԽՍՀ կառավարության հատուկ որոշումով։ Բացվել է նոյեմբերի 15-ին Տուր եղբայրների և Շեյնինի «Առերեսում» պիեսի ներկայացմամբ։ 1938-ին կոչվել է Կ․ Ստանիսլավսկու անվան։

Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Լևոն Քալանթարը։ Խաղացանկը նախապես հիմնվել է ռուս դասական և ժամանակակից դրամատուրգիայի գործերի վրա։

1950-1970-ական թվականներին գործունեությանը բնորոշ է թատրոնն արդիականացնելու միտումը։ Բեմ են բարձրացվել նաև արտասահմանյան՝ դասական ու ժամանակակից հեղինակների (Վիլյամ Շեքսպիր, Ֆրիդրիխ Շիլլեր, Կառլո Գոլդոնի, Լոպե դե Վեգա, Է․ դե Ֆիլիպպո, Հենրիկ Իբսեն, Ջ․ Պրիստլի, Բեռնարդ Շոու, Կարել Չապեկ) երկերը։

Ներկայացումներին հյուրախաղերով մասնակցել են ռուս ականավոր դերասաններ Ա․ Գրիբովը, Մ․ Ցարյովը, Ի․ Իլյինսկին, Վ․ Մարեցկայան, Յու․ Բորիսովան և ուրիշներ։ Թատրոնում մեծ ներդրում ունեն ռեժիսորներ Լևոն Քալանթարը, Արշակ Բուրջալյանը, Արմեն Գուլակյանը, Վ․ Վարդանյանը, Վ․ Ակսյոնովը, Ա․ Ռիդալը, Լ․ Լուկկերը, Օ․ Ավետիսյանը, Յա․ Կրակոպոլսկին, Բ․ Ֆիլիպովը, Լ․ Բրոշկևիչը, նկարիչներ՝ Ս․ Արուտչյանը, Կ․ Մինասյանը, Մ․ Գայֆեճյանը, Ա․ Չիլինգարյանը, Ա․ Շաքարյանը, դերասաններ՝ Ն․ Տեր-Սեմյոնովը, Ս․ Սուդբինինը, Ն․ Նատալևսկայան, Զ․ Գուլևիչը, Արմեն Ջիգարխանյանը, Վ․ Դոբրովոլսկին, Ա․ Պավլիդին, Ն․ Շելեխովան, Ն․ Կեմարսկայան, Օ․ Լաբունսկայան, Յու․ Վաննովսկին, Ի․ Գրիկուրովը, Ա․ Պրոստակովան, Ա․ Սումարոկովը։