Հայաստանը եւ ԱՄՆ-ն սկսում են Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ստեղծման ծրագրի իրագործումը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին այսօր հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Էրիկ ֆոն Թերշը: Նրա խոսքերով, Կենտրոնին կից գործելու է ինչպես բնական, այնպես էլ տեխնոգեն աղետների մոդելավորման հատուկ փորձադաշտ: Կենտրոնի ստեղծման ծախսերը կկազմեն մոտավորապես 800.000 դոլար: Շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերը կկնքվեն մոտ օրերս, ասել է Էրիկ ֆոն Թերշը: Ռազմական կցորդը հայտնել է նաեւ, որ ականազերծման մի խումբ հայ մասնագետներ կուղարկվեն Բոսնիա ստաժավորման նպատակով: