Երևանի ՊՊԾ գնդում երեք ոստիկանի սպանության գործով գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամներին մեղադրանք կառաջադրվի: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Դավթյանը:
«Օրենքով սահմանված կարգով ես չեմ կարող նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով: Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ, կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն», – ասել է Դավթյանը:
Հարցին, թե արդեն կա՞ն կոնկրետ անձինք, որոնց առաջիկայում մեղադրանք կառաջադրվի և այդ անձինք արդյոք «Սասնա ծռերից» են, Դավթյանն ասել է. «Բավարար ապացույցների համակցումն ապահովելու դեպքում մեղադրանք կառաջադրվի: «Սասնա ծռերից» են», մեջբերում է Tert.am-ը:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն դեռևս չի կարող ասել՝ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կլինի՞, թե ոչ, որովհետև դեռևս չկա համաներման ակտ:
««Սասնա ծռերի» նկատմամբ համաներման կիրառման մասով դեռևս ոչինչ չեմ կարող ասել, որովհետև մենք դեռևս չունենք համաներման ակտ, որ ես փորձեմ այն պարզաբանել»,-ասել է նա:
Հարցին, թե նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, որ հանձնվելու դեպքում մեղմացուցիչ հանգամանքներ կդիտվեն, Արթուր Դավթյանն ասել է, որ այն հոդվածները, որոնցով հարուցվել է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել, դրանք ունեն խրախուսական նորմեր, բայց թե խրախուսական նորմերով փաստերը կոնկրետ դեպքում որքանով են առկա, դա ցույց կտա քննությանը։
«Այսինքն, քննությամբ պետք է պարզվի՝ արդյոք մենք ունեցել ենք կամովին պատանդների ազատում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ: Վերջնական իրավական գնահատականը կտա քննության արդյունքը»,-ասել է նա։
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:






