Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում» կկայանա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հանրությանը կներկայացնի Իտալիայից Հայաստան ժամանած հեղինակը՝ արձակագիր, հնագետ Անտոնիա Արսլանը:
«Մշո գիրքը» գեղարվեստական երանգավորմամբ պատմում է «Մշո ճառընտիրը» ձեռագիր մատյանի փրկության, տարագիր գերդաստանների պատմության մասին և անդրադառնում է մշակությաին ցեղասպանությանը: Վեպն իտալերենից թարգմանել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Գիրքը լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության կողմից և նվիրվել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին իմանալով իր հայկական արմատների մասին Արսլանը 2004-ին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզվով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012-ին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:
Արսլանի «Մշո գիրքը» վեպի շնորհանդեսին՝ «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» խորագրով զեկույցով հանդես կգա պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Միջոցառմանը ելույթ կունենա Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը: