Սեպտեմբերի 24-25-ը Գյումրիում կկայանա «Գյումրի ՌոքՖեստ-2016» խորագրով միջազգային ռոք-փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Ռոք-փառատոնն իրականացվում էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Ծրագիրը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների և այլ մշակութային ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված նախագծերից է:
Ռոք-փառատոնը, որն իրականացվում է «Գյումրու օր» ծրագրի շրջանակում, նշանալի իրադարձություն է հանրապետության երկրորդ քաղաքի մշակութային տարեգրության մեջ. առաջին անգամ Գյումրին կհյուրընկալի հայաստանյան և միջազգային մոտ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի:
Փառատոնի «Գալա» համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրու «Սև Բերդ» ամրոցում: Համերգին կնախորդեն բազմապիսի միջոցառումներ. փառատոնի մասնակից խմբերը հանդես կգան քաղաքի տարբեր հատվածներում: