Հոկտեմբերի 3-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ «Գութան» ազգագարական երգի-պարի փառատոնը, որը հիմնադրել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
«Ընդամենը 6 ամիս առաջ, ապրիլյան պատերազմի օրերին այս հրապարակը համախմբել էր մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից Արցախին օգնության հասած հայորդիների, ովքեր վերահաստատեցին մեր միասնական կամքի և ոգու ուժի անպարտելիությունը, իսկ այսօր նույն տեղում՝ Վերածննդի հրապարակում, համախմբվել են հայկական ազգագրական լավագույն համույթները, մեր մշակույթի, ազգային արվեստի ասպետները, ովքեր եկել են վերահաստատելու մեր ազգային ինքնության վերածնունդը, եկել են անկախ Արցախ՝ նոր սերնդին ի պահ տալու մեր հազարամյա ավանդական երաժշտարվեստն իր հայկական հենքով, իր առանձնահատկություններով և բազմազանությամբ»,- փառատոնի բացմանն ասել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Փառատոնին ելույթ են ունեցել «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» երգի-պարի համույթները՝ ներկայացնելով Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ, ցուցադրվել են հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնն անցկացվում է 2014-ից: Արցախում փառատոնն առաջին անգամ է հյուրընկալվում:
«Գութան» ավանդական երգի-պարի փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը պարգևատրվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով, Արցախում փառատոնի ծրագիրը ֆինանսավորելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ շնորհակալագրով: Շնորհակալագրեր հանձնվեցին նաև բոլոր մասանակից համույթներին: