AM
13 October 2016 - 10:36 AMT

«Գահերի խաղի» փոխարեն

«Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի առաջին 2 էպիզոդը հիացական արձագանքներ ստացավ համաշխարհային մամուլում, քննադատների և հեռուստադիտողի շրջանում: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է նոր հեռուստատեսային ֆենոմենի որոշ առանձնահատկություններ:

Առանձնահատկություն N1

Սերիալի գործողությունը տեղի է ունենում «Վայրի արևմուտքի աշխարհը» ատրակցիոնների ֆուտուրիստական զբոսայգում, որը բնակեցված է անդրոիդներով: Նրանք գործնականում չեն տարբերվում սովորական մարդկանցից, ապրում են առօրյա կյանքով և չեն կակածում, որ ընդամենը մեքենաներ են: Իսկ արտաքին աշխարհի սովորական մարդիկ (նրանց անվանում են «այցելուներ») կարող են պատկառելի գումարի դիմաց այցելել «Վայրի արևմուտքի աշխարհ»` ամբողջությամբ ընկղմվելով արկածների մթնոլորտի մեջ: Ընդ որում, այցելուներին թույլատրվում է գործնականում ամեն ինչ` նրանք կարող են շփվել «տեղացիների» հետ ըստ իրենց հայեցողության` սպանել, կողոպտել, բռնաբարել, իսկ անդրոիդները չեն կարող վնասել մարդկանց:

Հիմք ընդունելով օրիգինալ ֆիլմի հայեցակարգը` հեղինակները ստեղծել են «հակառակ մատրիցան»: Այստեղ հալածվածների դերում հանդես են գալիս ռոբոտները, որոնք չգիտեն, որ իրենց աշխարհն իրական չէ, իսկ մարդիկ այստեղ դաժան բռնապետներ են, որոնք խաղ են անում իրենց արարածների հետ: Կինոնկարի առաջին իսկ րոպեներից ի հայտ են գալիս արարչի և արարածի միջև փոխհարաբերությունների հետ կապված փիլիսոփայական հարցերը: Բավականին շատ հղումներ կան ժանրի դասական նմուշներին` օրինակ, այն, որ ռոբոտները չեն կարող վնասել մարդուն, անմիջական հղում է Այզեկ Ազիմովի լեգենդար «Ռոբոտատեխնիկայի երեք օրենքը» գրքին: Սակայն, առաջին իսկ էպիզոդից հասկանալի է դառնում, որ ամեն ինչ այդքան պարզ չէ` ի հայտ է գալիս արդեն ֆիլմի երկրորդ առանձնահատկությունը:

Առանձնահատկություն N2

«Վայրի արևմուտքի աշխարհը» շատ արդիական է ժամանակակից աշխարհում: Մեքենայացված ուսուցման և արհեստական ինտելեկտի բուռն զարգացումը ստիպում է հայտնի մարդկանցից շատերին խոսել այն պոտենցիալ վտանգների մասին, որոնց կարող է բախվել մարդկությունն առաջընթացի ճանապարհին: Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, միլիարդատեր Իլոն Մասկը և մյուսները զգուշացնում են` այս տեխնոլոգիաների անվերահսկելի զարգացումը կարող է անկանխատեսելի լինել:

Վերջին տարիներին զուտ գիտական հետաքրքրությունից բացի այդ թեման հայտնվել է նաև կինոգործիչների ուշադրության կենտրոնում: Ֆատալիստական «Տերմինատորի» փոխարեն ժամանակակից հեղինակները հղում են անում ավելի ակտուալ և կյանքին մոտիկ զարգացումներին` դա և ձախողված «Տրանսցենդենտությունն» է և հոյակապ «Մեքենայից» ֆիլմը, որոնք զգուշացնում են հնարավոր վտանգի մասին տարբեր եղանակներով: «Վայրի արևմուտքի աշխարհը» դանդաղ է մոտենում դրան, բայց հիմնավոր: Ստրուկ ռոբոտները պարբերաբար անկանխատեսելի վարք են դրսևորում` նրանց մոտ «արգելված» մտքեր են հայտնվում, «սխալներ» ծածկագրում, որոնք հետագայում կարող են մարդկանց համար ողբալի հետևանքների հանգեցնել: Ոմանք կարող են սերիալը բավականին կանխատեսելի համարել (չէ որ ամեն ինչ գնում է դեպի մեքենաների ապստամբություն): Սակայն, ծանոթ լինելով հեղինակների անուններին ու հեղինակությանը, վստահաբար կարելի է ասել, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Անցնենք երրորդ առանձնահատկությանը:

Առանձնահատկություն N3

Սերիալի հեղինակներ Ջ.Ջ. Աբրամսը և Ջոնաթան Նոլանը հայտնի են Հոլիվուդում որպես մեծ «խաբեբաներ»: Իրենց լավագույն ստեղծագործություններում նրանք հմտորեն ուղղորդում են կինոդիտողին` սխալ ճանապարհով տանելով նրան և անսպասելիորեն գաղտնի ուղիներ բացելով, որոնց մասին նա չէր էլ կասկածում: Լեգենդար «Ողջ մնալ» շոուի հեղինակ Աբրամսը շատ է սիրում գլուխկոտրուկներ, իսկ Ջոնաթան Նոլանը (հայտնի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի եղբայրը) կարողանում է կազմել այդպիսիք: Նոլանն ընդհանրապես համարվում է ամենախորամանկ դրամատուրգներից մեկը` «Հիշիր» քրեական դրամայի նրա սցենարը նույնիսկ ներկայացվել է «Օսկարի»: Նա եղբոր հետ համատեղ աշխատել է «Սկիզբը» և «Ինտերսթելեր» գլուխկոտրուկ ֆանտաստիկ ֆիլմերի սցենարների վրա:

Ուստի պարզամիտ կլինի մտածել, որ նման հավակնոտ նախագծում, որտեղ 5-6 եթերաշրջան է նախատեսված, Աբրամսն ու Նոլանը կանխատեսելի կլինեն: Արդեն առաջին իսկ էպիզոդից նրանք ինտրիգներ են կառուցում և ծուղակներ լարում, որոնք կաշխատեն պատեհ պահին` բավական է հիշատակել միայն անանուն Սևազգեստ մարդու կերպարը Էդ Հարիսի փայլուն կատարմամբ, որը ուղիղ հղում է Սթիվեն Քինգի «Մութ աշտարակին», որի էկրանավորումից Աբրամսը վերջերս հրաժարվեց:

Առանձնահատկություն N4

Հեռուստատեսային ձևաչափում հեղինակները կարող են թույլ տալ իրենց այն ամենն, ինչ այսօր գործնականում անընդունելի է մեծ էկրանի համար: «Վայրի արևմուտքի աշխարհը» ներկայացվում է որպես փոխարինում «Գահերի խաղին»: Եվ դա հաստատվում է հենց սկզբից. խիստ իրատեսական իրադարձություններ, արյունալի սպանություններ, բազում անկողնային տեսարաններ: Բյուջեի տեսակետից ալիքի անասելի շռայլությունը թույլ է տվել ստեղծել համոզիչ և մասշտաբային դեկորացիաներ, իսկ վիզուալ էֆեկտները ոչնչով չեն զիջում Հոլիվուդի լավագույն բլոկբասթերներին:

Հեղինակներն ընտրել են միայն լավագույնը` հիանալի երաժշտական ուղեկցություն (կոմպոզիտոր Ռամին Ջավադին նաև «Գահերի խաղի» երաժշտության հեղինակն է), հարստացված հայտնի ստեղծագործությունների անսպասելի քավեր տարբերակներով, հուսալքության մթնոլորտ և իրադարձություններին մասնակից լինելու զգացողություն, փոխհրաձգության տեսարան, նկարահանված մեկ պլանով` առանց մոնտաժային կպումների, ինչպես «Իսկական դետեկտիվի» առաջին եթերաշրջանում: Այս ամենն իրոք փայլուն ապագա է խոստանում այս առանձնահատուկ, հեղինակային նախագծին: