AM
2 November 2016 - 11:13 AMT

Ախալցխայի մեծերի միացյալ թանգարան է հիմնվելու

Մինչև 2020 թվականը նախատեսվում է Ախալցխայի մեծերի միացյալ թանգարան հիմնել: Ձևավորվելու է Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի ստեղծման հանձնաժողով, որն էլ կորոշի, թե ինչ շենքում կարող է բացել նման թանգարան, լրագրողներին հայտնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Ախալցխայում դիտարկում են տարբեր շենքեր՝ Լուսինե Զաքարյանի, Վարդգես Սուրենյանի տները, 1830-ին կառուցված և մինչ այժմ շատ լավ պահպանված մի կառույց և այլ շինություններ:

Հակոբյանի խոսքով՝ Ախալցխայի մեծերի միացյալ թանգարան ստեղծելու հարցով հանդիպել է նաև Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Հանձնաժողովի կազմում, ըստ նրա, ներգրավված կլինեն նախարարության մասնագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, Ախալցխայի հայ համայնքից մարդիկ:

Մինչև տարեվերջ հնարավոր է արդեն մեկ այցելություն կազմակերպվի:

Վրացական Ախալցխայում հայերն ապրել են հնագույն ժամանակներից: Դեռևս մ.թ.ա. 7-3-րդ դարերում Ախալցխան եղել է Երվանդունիների հայկական պետության կազմում: 1830-ին Կարինից Ախալցխա է գաղթել 2536 հայկական ընտանիք և հիմնադրել Պլան թաղամասը: 1993-ի դրությամբ Ախալցխայում հայերը կազմում էին բնակչության 62.8%-ը, 2005-ին՝ 45%-ը։ Ըստ 2002-ի պաշտոնական մարդահամարի տվյալների Ախալցխայի շրջանում բնակվում է 46.134 մարդ, որից 16.879-ը (36,6%)՝ հայեր։