AM
23 October 2002 - 14:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ` ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ահաբեկչությունը ֆինանսավորելու դեմ պայքարի նպատակով Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել բանկային ոլորտին առնչվող օրենքներում: Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, 2001 թվականի սեպտեմբերին Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի արձանագրությանը, որը պարտավորեցնում է երկրներին համապատասխան փոփոխություններ ձեռնարկել օրենսդրություններում: Նախարարի խոսքերով` համաձայն փոփոխությունների` ՀՀ Կենտրոնական բանկին իրավունք է տրված շրջանառությունից հանել կասկածելի դրամական միջոցները: «Փոփոխություններին համապատասխան Հայաստանի Կենտրոնական բանկը կորոշի դրամական միջոցների համար պայմաններ, որոնք կտարածվեն հանրապետության բոլոր կոմերցիոն բանկերի վրա»,- ասել է նա: Ինչպես մինչեւ այդ տեղեկացրել էր ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ ահաբեկչություններից հետո տարածվել էին այն ընկերությունների ցուցակները, որոնք կարող են մասնակից լինել ահաբեկչությանը: «Եթե այդ ընկերությունների ներկայացուցիչները փորձեն հաշիվներ բացել Հայաստանի կոմերցիոն բանկերում, Կենտրոնական բանկը իրազեկ կպահվի այդ մասին եւ անմիջապես անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ասել է Սարգսյանը: