Նոյեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում տեղի կունենա հայկական երկրորդ խաղարկային ֆիլմի՝ «Զարեի» հոբելյանական ցուցադրությունը` նվիրված ֆիլմի 90-ամյակին: 1926-ին հենց այդ օրն է եղել կինոնկարի երևանյան պրեմիերանՀ, տեղեկացնում է Հայկական ազգային կինոակադեմիան:
2016-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի ջանքերով իրականացվել է «Զարեի» թվայնացումը: Հոբելյանական երեկոյին հենց այս՝ թվայնացված տարբերակն էլ կներկայացվի հանդիսատեսին: Ֆիլմը կներկայացնի կինոռեժիսոր և կինոգետ Գարեգին Զաքոյանը: Մուտքն անվճար է:
«Զարեն» ոչ միայն հայ երկրորդ խաղարկային ֆիլմն է, այլև համարվում է առաջինը, որը պատկերում է քուրդ և եզդի ժողովուրդների կյանքը: Կինոնկարի ռեժիսորն ու սցենարի հեղինակը հայկական կինոյի նախահայրերից Համո Բեկնազարյանն է: Նրանից առաջ Արևելքը կինոյում, սովորաբար, ներկայացվում էր որպես էկզոտիկ վայր՝ պորտապարուհիներով, անապատը կտրող քարավաններով և այլն: Սակայն Բեկնազարյանը «Զարեի» ստեղծագործական անձնակազմի առջև շատ հստակ խնդիր էր դրել. «Սա պետք է լինի առաջին իսկական կինոնկարն արևելքի կյանքից՝ առանց ռախատ-լոխումի»:
Այդ իսկ պատճառով նկարահանումները տեղի էին ունենում Ալագյազ լեռան լանջերին՝ իսկական քուրդ-եզդիական բնակավայրում: Մասսայական տեսարաններում դերակատարների փոխարեն ներգրավված էին տեղաբնակները:
«Զարեն» դրամա է՝ կատակերգական և ողբերգական տարրերով, որի գործողությունները զարգանում են 1915թ.-ին` Առաջին աշխարհամարտի ֆոնին: Գլխավոր հերոսուհին երիտասարդ և գեղեցիկ Զարեն է (Մարիա Թադևոսյան (Թենազի)), ով իր սիրելիի՝ հովիվ Սայդոյի հետ (Հրաչյա Ներսիսյան) ակամա ներգրավվում է ցարական պաշտոնյաների և ցեղապետ Թեմուր բեկի (Միքայել Գարագաշ) խաղերին:
Բացի չափազանց կարևոր ազգագրական արժեքից՝ ֆիլմն ունի նաև ակնհայտ գեղարվեստական արժանիքներ: Բեկնազարյանի չափազանց պարզ և նուրբ մոտեցումը և նրա կիրառած մոնտաժային հնարքները մինչ օրս էլ երբեմն զարմացնում են իրենց ազդեցիկությամբ:
Առ այսօր «Զարեն» հայկական լավագույն ֆիլմերից է: Իսկ նոյեմբերի 9-ին այն հնարավոր կլինի դիտել մեծ էկրանին՝ HD որակով: