Շարունակելով շարքը՝ նվիրված տարբեր մասնագիտությունների տեր անձանց սիրելի ֆիլմերին՝ PanARMENIAN.Net ը զրուցել է լրագրողների հետ ու ներկայացնում է այն ֆիլմերն ու սերիալները, որ նրանք խորհուրդ են տալիս։
Գեղամ Վարդանյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, խմբագիր
«Հռոմեական արձակուրդներ», (Roman Holiday)

Հեռավոր 1953թ-ին էկրաններ բարձրացած այս դասական ֆիլմը դարձավ Ուլիյամ Ուայլերի կյանքի կարևորագույն գործերից մեկն էր։ Հիմնվելով հրաշալի դրամատուրգ Դալթոն Թրամբոյի գրական սցենարի վրա՝ Ուայլերը ստեղծեց կինոկտավ, որում նաև լրագրողական էթիկայի որոշակի ու նուրբ դրսևորումներ են ներառված, որոնք հետաքրքիր է դիտել։ Իսկ Օդրի Հեփբըրնի ու Գրեգորի Պեկի դերասանական խաղի մասին խոսելն ավելորդ է։
«Պոչը շարժում է շանը», (Wag the Dog)

Սա, թերևս, մեդիայի ուժի մասին ամենաազդեցիկ ֆիլմերից է, որն ուղղակի պարտադիր դիտման է ենթակա լրատվական դաշտով զբաղվողների համար։ Բարի Լեվինսոնի երգիծական կատակերգությունում արձարծվում է ԱՄՆ նախագահի ընտրությունների ու դրա հետ կապված լրատվական աղմուկի և մանիպուլյացիաների ողջ էությունը՝ միաժամանակ բացահայտելով, թե որքան ազդեցիկ ու կարևոր գործիք կարող է լինել մեդիադաշտը, և, բնականաբար, ինչ ահռելի պատասխանատվություն են կրում այդ ոլորտի ներկայացուցիչները։
Դիանա Մարտիրոսյան, կինոքննադատ, հեղինակ-լրագրող
«Դեւիդ Գեյլի կյանքը», (The Life of David Gale)

Ալան Փարքերի ֆիլմն այնքան լրագրության մասին չէ, որքան ճշմարտության և դրա կարևորության: Նաև այն մասին, թե ինչպես է պետք գտնել այդ ճշմարտությունը. կոնկրետ այս ֆիլմում՝ հենց լրագրողական հետաքննության տեսանկյունից: Քրեական և սոցիալ-քաղաքական փաթեթավորմամբ կտավ, որն, ամեն դեպքում, պետք է դիտել՝ չնայած, որ Փարքերի այս աղմկահարույց դրամայի շուրջ կարծիքները բավականին ոչ միանշանակ են։
«Նրա ընկերուհի Ուրբաթը», (His Girl Friday)

Ռեժիսոր Հովարդ Հոուքսը 1940թ-ին բեմադրեց այս բուրլեսկային կատակերգությունը Քերի Գրանտի ու Ռոզալինդ Ռասելի մասնակցությամբ։ Սա իսկական իրավիճակների կատակերգություն է՝ կայտառ և հմայիչ: Ի տարբերություն ժամանակակից կատակերգությունների՝ «Ուրբաթում» լրագրությունը և ֆոնային դեկորացիա է, և հիմնական շարժիչ ուժ: Այսօր նման ֆիլմեր չեն նկարում:
Արտակ Եղիազարյան, News.am, խմբագիր
«Արջամկան օրը», (Groundhog Day)

Այս, բոլոր առումներով, ֆանտաստիկ կատակերգությունը, երևի թե, բոլորն են դիտել։ Հարոլդ Ռամիսի ֆիլմը, սակայն, յուրահատկություն ունի․ այն անհնար է դիտել ընդամենը մեկ անգամ ու մոռանալ։ Հետագայում, ինչպես և ֆիլմի հերոսն է վերադառնում նույն իրականությունը, կինոդիտողը ևս կրկին ու կրկին կվերադառնա այս հրաշալի կտավին։ Ու, իհարկե, մասնագիտությամբ լրագրող Ֆիլի արկածները (ում փայլուն մարմնավորում է Բիլ Մյուրեյը) ամեն անգամ նորովի ես վերապրում։
«Սուպերմեն», (Superman)

Այո, այո, խոսքը Ռիչարդ Դոների՝ 1978թ-ին էկրաններ բարձրացած օրիգինալ կինոկոմիքսի մասին է․ խոսելով լրագրողական կինոյի մասին, անհնար է այս ֆիլմը չհիշել, ի վերջո՝ Քլարկ Քենթը հենց լրագրող էր։ Բացի այդ, երեք «Օսկարի» անվանակարգ ստացած «Սուպերմենը» նաև կոմիքսների էկրանավորման էտալոնային տարբերակ է, որին հետևում են մինչ օրս։
Արտակ Համբարձումյան, «Ազատություն» ռադիոկայան
«Ուշադրության կենտրոնում», (Spotlight)

Հետաքննական լրագրության մասին պատմող կարևորագույն ֆիլմերից մեկը, որը նախորդ տարի արժանացավ «Օսկար» մրցանակի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Երբ ինքդ ծանոթ ես լինում հետաքննական լրագրությանը, հասկանում ես, որ սա գրեթե անսխալ նկարագրում է նյուզրումում առկա իրավիճակը, լրագրողի մտավախություններն ու վախերը։ Խիստ կարևոր է, որ լինելով բավականին որակյալ կինոկտավ, այն գոնե փոքր-ինչ բարելավեց լրագրողի կերպարը հանրային գիտակցության մեջ: Ֆիլմն առաջին անգամ դիտել եմ նույն Spotlight-ի հիմնադիր-անդամ Սթիվըն Քյուրքչյանի հետ, ու ընթացքում ինքն էլ մեկնաբանություններ էր անում լրագրության մասին ու բացատրում ֆիլմի դրվագները։ Իմ կարծիքով՝ սա թիվ մեկ ֆիլմն է լրագրության մասին:
«Նյուզրում», (The Newsroom)

Լրագրողական առօրյայի մասին այս հեռուստասերիալն այնքան ճշգրիտ ու իրական է, որ, կարծում եմ, կարող է հայտնվել լրագրողական ֆակուլտետների պարտադիր դիտման ծրագրերում, եթե կան նման ծրագրեր։ Այն ներկայացնում է ոչ միայն նյուզրումում աշխատելու հետաքրքիր ու զվարճալի կողմերը, այլև այն, թե որքան բարդ ու դաժան աշխատանք է դա։ Այն նաև սահմանում է չափանիշներ, թե ինչպիսին պետք է լինի իրական լրատվական թողարկումը՝ ամեն ինչ խիստ ստուգված, առանց սենսացիոն լուրն առաջինը հրապարակելու ձգտման, սկզբունքային և այլն։ Իրականության մեջ այդքան իդեալական, իհարկե, չի լինում, սակայն սա լավ օրինակ է, որին կարելի է ձգտել ու հասնել։