AM
14 November 2016 - 13:51 AMT

Aerosmith-ը համերգ կտա վրացական Ուռեկիում

Լեգենդար ամերիկյան Aerosmith ռոք խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Վրաստանում` 2017-ի մայիսի 20-ին: Համերգն արդեն ներառված է խմբի պաշտոնական կայքում հրապարակված շրջագայությունների ցանկում: Aerosmith-ը 2017-ին իր հրաժեշտի շրջագայությունը կիրականացնի Aero-Vederci Baby անվանումով:

Aerosmith-ի ելույթը Վրաստանում տեղի կունենա նորակառույց Black Sea Arena-ի բեմում, որը գտնվում է Ուռեկիում, Բաթումից ոչ հեռու, գրում է Apsny.ge-ն:

Վրաստանը երկրորդ երկիրն է, ուր կայցելի Aerosmith-ը 2017-ի շրջագայության շրջանակում:

Վրաստանից առաջ երաժիշտները հանդես կգան Իսրայելում, իսկ հետո նրանց սպասում են Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, Դանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում:

2016-ի ամռանը Black Sea Arena-ի բեմում հանդես են եկել Scorpions-ը, Քրիստինա Ագիլերան և Վանեսա Մեյը:

Ամերիկյան Aerosmith ռոք խումբը ստեղծվել է Բոստոնում 1970-ին: Խումբը թողարկել է 15 ալբոմ: Ոսկե, պլատինե և մուլտիպլատինե ալբոմների թվով Aerosmith-ն առաջինն է ամերիկյան խմբերի թվում, խումբը նաև 4 «Գրեմմի» ունի: