Թումոյի ուսանողների մի խումբ ճանաչվել է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնի «Մանկապատանեկան» անվանակարգի հաղթող։ Պատանիների ստեղծած վավերագրական ֆիլմը՝ «Զուշը և Թոիվո»-ն պատմում է Երևանի կենդանաբանական այգու երկու գերմանացի կամավորի՝ Զուշ Լեհմանի և Թոիվո Ֆրանցկիի հայաստանյան կյանքի ու աշխատանքի մասին՝ միաժամանակ ներկայացնելով կենդաբանական այգու առօրյան։
Ֆիլմը ստեղծվել է 2015-ի դեկտեմբերին՝ Մոսկվայում բնակվող կինոռեժիսոր Վարդան Հակոբյանի «Ֆիլմի լեզուն» աշխատարանի ընթացքում։ Աշխատարանի մասնակիցները՝ բաժանվելով երկու թիմերի՝ Վարդանի առաջնորդությամբ անցան ֆիլմերի ստեղծման բոլոր փուլերով՝ նկարահանելով երկու վավերագրական և երկու ֆոտո-ֆիլմ։
Նոյեմբերի 14-ին, աշխատարանի թիմերից մեկի՝ Aramount-ի անդամներ Արեն Գրիգորյանը, Ռոբերտ Պողոսյանը, Անի Խաչատրյանը, Մարիետա Հովհաննիսյանը, Մերի Հեյբաթյանը, Գարիկ Սարգսյանը և Արծրուն Մանուկյանը ներկա են գտնվել փառատոնի փակմանը Մոսկվա կինոթատրոնում ու ստացել իրենց մրցանակը՝ դառնալով մրցույթի միակ հայ մրցանակակիրները։
«Զուշը և Թոիվո» ֆիլմը, ինչպես նաև Վարդան Հակոբյանի աշխատարանի ընթացքում ստեղծված մնացած ֆիլմերը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Կապտալանջիկների բարեկամը», ռեժիսոր: Նեիլ Պապրոսկի, Մեթյու Պոդոլսկի, ԱՄՆ: «Բնապահպանական խնդիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Աղքատություն, Inc.»-ը, ռեժիսոր` Մայքլ Մաթեսոն Միլլեր, ԱՄՆ:
Ամենամյա փառատոնը, որն առաջինն ու դեռևս միակն է հարավկովկասյան տարածաշրջանում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությունն է: Փառատոնն իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ են անցկացվել «Մոսկվա» կինոթատրոնում, Էօն-ում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:
2016-ին փառատոնն անդրադառձել է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:
Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվել է աղմուկ հանած 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։