Նոյեմբերի 22-ին Վիեննայի ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) գլխամասային գրասենյակում անցկացվել է «Ստեղծագործական շոու. Հին ավանդույթների նոր պատմություններ» խորագրով միջոցառումը: Ցուցադրվել է 8 հայկական կազմակերպությունների համատեղ ուժերով ստեղծած թվով 4-րդ՝ 5900BC գարուն-ամառ 2017 հագուստի հավաքածուն:
Հավաքածուն կատարված է հիմնականում հանգիստ, ծիրանագույն, ավազագույն, մանուշակագույն, սպիտակ և արծաթագույն երանգներով: Ցուցադրվել են զգեստներ և բլուզներ, տաբատներ և կիսաշրջազգեստներ, պիջակներ և աքսեսուարներ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ներկայացվել է ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի տեխնիկական աջակցությամբ ստեղծված հագուստի հավաքածուն:
Ինչպես ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, «գաղափարը միավորեց մեկ բրենդի ներքո թեթև արդյունաբերության մի քանի ընկերությունների, և հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են այդ ընկերություններն աշխատում իրար հետ, ինչպես են աճում ու օգնում իրար զարգանալ»:
Ըստ նրա, բրենդի ներքո միավորվել են ընկերություններ, որոնք գործում են դեռ խորհրդային տարիներից, և նոր արտադրողներ, որոնց աշխատանքի հիմքում այդ ոլորտում եղած հայկական ավանդույթներն են: Ծրագրի շրջանակում ստեղծվել է դիզայներական կենտրոն, որտեղ դասավանդւոմ են իտալացի մասնագետները:
«Հայաստանի տարածքում պեղումներից մեկի ժամանակ հայտնաբերվեց կիսաշրջազգեստ, որը թվագրվում է մ.թ.ա 5900 թվականով: Այդ պատճառով էր բրենդը կոչվեց 5900BC»,-նշել է Հարությունյանը:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը նշել է, որ «UNIDO տեխնոլոգիայի կիրառմամբ հաջողվել է դուրս գալ պատրաստի ապրանքի վրա, որը վաճառվում է բազմաթիվ առևտրային ցանցերում»: Ըստ նրա, հայկական արդյունաբերության այդ բնագավառը ոչ միայն լիովին վերականգնվել է, այլ արդեն աշխատում է լավագույն համաշխարհային օրինակներով»: «Սա UNIDO-ի, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի հաջողությունն է»,-ասել է նա:
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել հայաստանյան պատվիրակությունից Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և ՀՀ արտաքին գործերի փոխնակարար Ռոբերտ Հարությունյանը, ինչպես նաև ծրագրի դոնոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության կողմից Վիեննայում ՌԴ դեսպան Ն.Գ. Վլադիմիր Վորոնկովը: