Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրված օգնությունը լավ է համակարգվում եւ չափազանց կարեւոր է երկրի ապագայի համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Երեւանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Քիդ Սիմոնսը: Նրա խոսքերով, առանց ԱՄՆ-ի հայկական սփյուռքի մասնակցության, գործակալության ֆինանսավորումը շատ ավելի քիչ կլիներ: Քիդ Սիմոնսը նշել է գործակալության գործունեության երկու հիմնական նպատակ` նպաստել Հայաստանի անցմանը բազմակուսակցական ժողովրդավարության եւ հանրապետության ազատ շուկայական տնտեսության զարգացմանը: Քիդ Սիմոնսը ասել է, որ Հայաստանի տնտեսության վերածնման համար չափազանց կարեւոր է նոր աշխատատեղերի ստեղծումը: Նա նաեւ նշել է, որ «զգուշավոր լավատեսությամբ» է վերաբերվում Հայաստանի ապագային` այստեղ դեռ հսկայական աշխատանք է սպասվում: