Դեկտեմբերի 21-ին կայացած Երևանի ավագանու նիստում հավանություն է տրվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 2 բնակարան անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանի ընտանիքներին:
Ըստ այդմ, մայրաքաղաքի Սիսակյան փ. հ.16 շենքի հ.29՝ 60.3 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության զորքերի զինծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի այրուն՝ Արփինե Թումասյանին և նրա երեխաներին՝ Էլեն, Աշխեն և Կարեն Տեփանոսյաններին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ Սիսակյան փողոցի հ.16 շենքի հ.105՝ 60.3 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրուն՝ Հասմիկ Ոսկանյանին և որդուն՝ Մհեր Մկրտչյանին:
Որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ զոհված ոստիկաններն իրենց ընտանիքներով չեն ունեցել սեփական բնակարան և Երևանում բնակվել են վարձակալական հիմունքներով:
Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 7 ընտանիքի:
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:






