ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար 2016-ի ամենակարևոր ձեռքբերումը տարածքային զարգացման վերաբերյալ 2016-2020թթ. ռազմավարությունն էր: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, հայտնում է Yerkir.am-ը:
Նրա խոսքով՝ հենց այդ ռազմավարության մեջ է այն ծրագիրը, թե ինչպես զարգացնել ՀՀ համայնքները և վերացնել կամ գոնե մեղմել մարզերում առկա խոր անհամաչափությունը:
«Ռազմավարության թիրախն աշխատատեղերի ստեղծումն է. մինչև 2020 թվականը նախատեսվում է 50-60.000 աշխատատեղ բացել»,- ասել է նախարարը:
Նա հայտնել է, որ իրականացվել է համայնքների խոշորացման 18 ծրագիր, արդյունքում` 140 համայնքի միավորմամբ ձևավորվել է 18 համայնք: Լոքյանի խոսքով՝ խոշորացված համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում խոշորացված համայնքներից Թումանյանը կստանա 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա, մեկ ժամանակակից աղբատար, երեք միկրոավտոբուս: Համայնքի 6 բնակավայրերում կկառուցվի 6 ավտոբուսային կանգառ-շուկա: Թումանյան համայնքի բոլոր գյուղերում այսուհետ կիրականացվի մշտական աղբահանություն:
Խոսելով ձեռքբերումների մասին՝ Լոքյանը կարևորել է առաջին սանիտարական աղբավայրի կառուցման ծրագիրը: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների` 11 մլն եվրո արժողությամբ կառավարման ծրագրի արդյունքում Հրազդան համայնքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, կիրականացվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքների և հարակից համայնքների աղբահանությունը: Նմանատիպ աղբավայրի կառուցում է նախատեսվում նաև Վանաձորում, որը կներառի Լոռու մարզի, ինչպես նաև Դիլիջան քաղաքի աղբահանությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տարածքների հավասարաչափ զարգացման սկզբունքներից ելնելով` ՀՀ 9 քաղաքում սկսվում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին հինգում արդեն սկիզբը դրվել է: «Դա մոտ 50 մլն դոլար վարկային ռեսուրս է պարունակում, որը տրամադրվում է Ասիական բանկի կողմից. «Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Վանաձոր քաղաքը՝ 20 մլն դոլարի չափով, Ջերմուկը՝ 10 մլն դոլարի չափով, Դիլիջանը՝ 6 մլն դոլարի չափով, Աշտարակը՝ 4 մլն դոլարի չափով, և Ծաղկաձորը, որը 10 մլն դոլարի չափով վարկային ծրագիր է ստանալու։ Ծրագրին պետք է մասնակից դառնա նաև մասնավոր հատվածը»,-ասել էր Լոքյանը:






