AM
26 Դեկտեմբեր 2016 - 11:03 AMT

2017-ին Սևանում Ջրասուզակների թանգարան կբացվի

2017 թվականին Պատմության թանգարանում կստեղծվի լեգոյի բաժին, որի միջոցով կանդրադառնանք մեր պատմության տարբեր դրվագներին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հայտնում է Aysor.am-ը:

2017-ին կբացվի նաև Տիկնիկների թանգարան, որտեղ կլինեն և՛ ազգային, և՛ տարբեր ազգերի տիկնիկներ: Կստեղծվեն նաև Գորգի, Լուսանկարչության, նաև՝ Ջրասուզակների թանգարաններ: Վերջինս կլինի Սևան քաղաքում:

«Խոսքը վերաբերում է խորհրդային շրջանի սոցռեալիզմի արձաններին, որոնք այսօր ուշադրությունից կարծես դուրս են մնացել թափված կամ տեղավորված են տարբեր պահեստներում: Փորձում ենք այդ արձանները ևս ներկայացնել հանրությանը: Սևանի և՛ ափին, և՛ հատակում՝ 2,5-3 մետր խորության վրա այդ արձանները կտեղավորվեն հատուկ ջրանցուղիներով: Այդ ջրանցուղիներում կլինեն նաև թաքստոցներ, որոնցում Խորհրդային շրջանի գանձեր կհայտնաբերենք», – 2016 թվականն ամփոփոխ ասուլիսի ընթացքում տեղեկացրել էմշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկայում մասնավորի հետ համագործակցելով՝ նախարարությունը կստեղծի նոր գրախանութներ և գրադարաններ, որոնք կդառնան ընտանեկան հանգստի կենտրոններ:

«Այս կենտրոնում կլինի սրճարան, կվաճառվեն և՛ շոկոլադներ, և՛ գրենական պիտույքներ ու խաղալիքներ, բայց դոմինանտը մնալու է գիրքը: Օգտագործելու ենք հնարավոր բոլոր գրավիչ պայմանները, որպեսզի գիրքը, ընթերցանությունը մնան կենտրոնում: Արդեն իսկ բանակցություններ կան մասնավոր ընկերությունների հետ: Կան նաև ներդրումային ծրագրեր, որոնց մասին կհայտարարենք 2017 թվականի սկզբում», – հավելել է Արմեն Ամիրյանը: