ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ դեկտեմբերի 24-ին զանգվածային լրատվության միջոցներով մտահոգություններ են տարածվել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը:
ՌԴ-ում վերջինիս պատժի կրման պայմանների և առողջական վիճակի, նախատեսվող այցի հետ կապված հարցերը քննարկվել են նաև նրա ազգականի հետ:
Ռուսաստանում ՃՏՊ արդյունքում 18 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված են մի քանի քաղաքացիական հայցեր, ինչը խոչընդոտում է կազմակերպել նրա արտահանձնումը: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածության համաձայն Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում, քանի որ ՀՀ քաղաքացի է:
2013-ին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Նա դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման:






