Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Այդ մասին կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով սոցիալական ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը, հայտնում է Panoarama-am-ը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետք է ստեղծել համակարգեր կոռուպցիան բացառելու համար:
«Անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի թե հասցեականությունը, թե դրանց արդյունավետությունը»,-ասել է նա: Վարչապետի խոսքով, պետությունը պետք է ձեռք մեկնի կարիքավորին, նրան ոտքի կանգնելու նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ:
«Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների ու կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղվի սոցիալական արդարությունը»,-ասել է կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին:
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են, ապա կալանավորվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պետրոսյանը:






