Գերմանիայի իշխանությունների հրապարակած հետազոտության համաձայն, Ամանորի գիշերը բազմաթիվ հրավառությունների պատճառով օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը:
Մասնավորապես, BBC-ն հաղորդում է, որ Ամանորի գիշերը Մյունխենում արված չափումները ցույց են տվել, թե օդում վնասակար նյութերը 27 անգամ գերազանցել են ԵՄ խորհրդի կողմից խորհուրդ տրվող սահմանը՝ 50 միկրոգրամ վնասական մասնիկներ մեկ խորանարդ մետրում:
Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում այդ օրը մոտ 4000 տոննա վնասակար նյութ է նետվում օդ, ինչը հավասար է մեկ տարում բոլոր ավտոմեքենաների արտանետումների 15%-ին:
Հրավառությունների պատճառով փոշու, կեղտի մասնիկները դառնում են միկրոմասնիկներ, որոնք ազդում են մարդու թոքերի վրա և կարող են առաջացնել առողջական լուրջ խնդիրներ:
Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունը պահանջում է իշխանություններից արգելել մասնավոր անձանց հրավառություն կազմակերպել: Ավելի վաղ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը հայտնել էր, որ Եվրոպայում օդի աղտոտվածությունը տարեկան հանգեցնում է մոտ 467.000 մարդու վաղաժամ մահվան:






