AM
17 October 2002 - 14:51 AMT

ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԵՐՔԵԼ Է ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԿՈՉԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն «անհիմն» է անվանել ANS ադրբեջանական հեռուստաընկերության մեկնաբանությունները, որոնց համաձայն նա հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խնդրի ռազմական լուծման օգտին: Փաշազադեի խոսքերով, ադրբեջանցի լրագրողները լիովին աղավաղել են նրա արտահայտությունն այն մասին, որ «Ադրբեջանը գտնվում է պատերազմական վիճակում եւ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի եւ, որ անհրաժեշտ է ուժեղացնել երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը»: Կովկասի մահմեդականների առաջնորդը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջոցները դեռ չեն սպառվել, եւ պատերազմի քարոզչությունն անտեղի է: