Եթե Հայաստանի ատոմային էլեկտրակայանը փակվի, Եվրամիությունը կֆինանսավորի էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման նախագիծը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Լին: Նրա խոսքերոով` թե Հայաստանը, թե Եվրամիությունը միակարծիք են այն հարցում, որ վաղ թե ուշ Հայկական ԱԷԿ-ը պետք է փակվի այն վտանգի առնչությամբ, որ նա ներկայացնում է` գտնվելով սեյսմաակտիվ գոտում: Մայքլ Լին տեղեկացրել է, որ ԱԷԿ-ի հզորություններն էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներով փոխարինելու հարցն արդեն ներկայացվել է Եվրամիության քննարկմանը, որը եւ կֆինանսավորի դրա իրագործումը: Նշենք, որ Եվրամիությունն արդեն հայտարարել է 100 մլն եվրոյի հիմնադրամի ստեղծման մասին, որոնք կուղղվեն էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը` Հայաստանի ԱԷԿ-ի փակման դեպքում: Ավելի վաղ ԵՄ-ը 11 մլն եվրո էր տրամադրել ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման համար, սակայն ընթացիկ տարվանից այդ ծրագիրը դադարեցվել է: