AM
15 October 2002 - 18:57 AMT

ՍԵՒԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ

Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից-երկրները հանդես են գալիս տարածաշրջանում մարկետինգի կենտրոն ստեղծելու օգտին: Այդ մասին ասվում է եզրափակիչ փաստաթղթում, որն ընդունվել է Սեւծովյան ավազանի պետությունների առեւտրա-արդյունաբերական պալատների ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովի նիստում, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Ասոցիացիան մտադիր է համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ` ՍՏՀ երկրների տնտեսական ներուժը արդյունավետ օգտագործելու համար: Ենթադրվում է միավորել ջանքերը` ազգային եւ տարածաշրջանային իշխանությունների հետ էլ ավելի արդյունավետ համագործակցության համար` Սեւծովյան ավազանում բարենպաստ ներդրումային պայմանների ստեղծման եւ զարգացման, ապագայում այդ տարածաշրջանում մի շարք ներդրումային նախագծերի իրականացման հարցերում: Նիստի մասնակիցները արտահայտվեցին նաեւ տոնավաճառների եւ ցուցահանդեսների անցկացման գործունեության ակտիվացման օգտին: Սեւծովյան ավազանի երկրների առեւտրա-արդյունաբերական պալատների ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովի նիստի եզրափակիչ փաստաթուղթը երեկ Քիշնեւում ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: