AM
27 Հունվար 2017 - 13:39 AMT

Հրապարակի շատրվանների «երգացանկը» 2017-ին կփոխվի

Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների «երգացանկը» 2017 թ.-ին կփոխվի:

«Ապրիլին երգող շատրվանները նորից կաշխատեն, և այս տարի նրանք նոր երաժշտական ծրագիր կունենան, որը, կարծում եմ, շատ դուր կգա մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին», – լրագրողներին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` ավելացնելով, որ ծրագիրը մի քանի տարի չէր փոփոխվել:

Նրա խոսքով, ավանդական դասական ստեղծագործություններին կավելանան նաև հայկական ազգային ստեղծագործությունները, ինչպես նաև հանրաճանաչ միջազգային հիթեր:

Հանրապետության հրապարակում շատրվանների կառուցման նախագիծը պատկանում է հայ ճարտարապետ Մարկ Գրգորյանին: Ռեստավրացիոն աշխատանքները սկսվել են միայն 2006 թ.-ին: 2007 թ.-ի սեպտեմբերի 21-ին լեգենդար շատրվանները կրկին բացվեցին հանրության համար: