Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում մարտի 25-ին բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը: Artguide.com-ը հայտնում է, որ ներկայացվելու է 19 նկարչի 54 աշխատանք, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի կտավները:
Աշխատանքները տրամադրել են Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիսի 4-ը, դրա բացման առթիվ տպագրվելու է նաև պատկերազարդ կատալոգ: Բացի հայկական իմպրեսիոնզիմի՝ որպես գեղարվեստական երևույթ ներկայացնող հոդվածներից, դրանում կներառվեն նաև կենսագրական էսսեներ ցուցադրությանը ներկայացված վարպետների և հետաքրքիր փաստեր նրանց ստեղծագործությունների մասին:
Աղբյուրը հավելում է, որ ցուցահանդեսն ուղեկցվելու է դասախոսություններով, թեմատիկ քննարկումներով, երաժշտական երեկոներով և էքսկուրսիաներով:
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ցուցահանդեսի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ռուսական կողմը.«Կարողացանք բանակցությունների ընթացքում որոշել, թե որ նկարիչների ինչ աշխատանքներ են ներկայացվելու, որպեսզի ռուս հասարակությունն ավելի լավ պատկերացում կազմի հայ արվեստի անցած ճանապարհի մասին»: